19:07 18 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.61
  • GBP626.18
  • EUR533.71
  • RUB7.81
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
41220

Աղմկահարույց բացահայտումները և ջրի երես դուրս եկող կոռուպցիոն սկանդալներն աստիճանաբար իրականության մաս են դառնում։ Ոչ ոք հիմա չի ասի, թե որքան կտևի այդ ամենը, բայց փաստ է, որ մարդիկ վաղ թե ուշ հոգնում են նույնիսկ գրավիչ սերիալներից։ Եվ այդ ժամանակ պետք է ծրագրում նորամուծություններ մտցնել։

Հիմա մեզ մոտ ամեն օր տեղի են ունենում տարբեր տրամաչափերի կաշառակերների ու պետական գույք հափշտակողների, հանցավոր կոռուպցիոն սխեմաների աղմկահարույց բացահայտումներ։ Դա լավ է և ճիշտ, սակայն երբեմն տպավորություն է ստեղծվում, որ հանում են միայն փրփուրի վերին շերտը, քանզի հանցագործության վայրում բռնվածների և դիմակազերծվածների անունները տարիներով բոլորի շուրթերին էին։ Հուսանք, որ նոր իշխանություններն աստիճանաբար կհասնեն խորքային, հիմնական շերտերին, որտեղ լուրջ հիվանդություններ են ծնվել և դրանցով տառապում է մեր պետությունը։

Բայց հիմա խոսքն առանձին անհատների մասին չէ։ Խոսքն այն մասին է, որ վերջին հաշվով նրանց բռնելուց, նստեցնելուց, հրաժարականներից, մեղավորներին պատժելուց հետո մենք բոլորս սպասում ենք, որ երկրում, վերջապես, կհաղթի արդարությունը, ընդ որում բոլոր մակարդակներում։ Իսկ դրա համար պետք է լուծել շատ բարդ խնդիր. ստիպել բոլորին` դռնապանից մինչև վարչապետ, հետևել օրենքներին։ Առանց բացառության բոլորին։

Կասեք, որ այդպես չի՞ լինում, կատարյալ պետություններ չկա՞ն։ Այո, իհարկե, բայց կարելի է մոտենալ կատարելությանը։ Թեև անձամբ ինձ համակում է անհուսալիության  զգացողությունը, երբ պատկերացնում եմ, թե ցանկալիին հասնելու համար որքան բան պետք է անել։ Դա անիրական է թվում, բայց ես իշխանություն չեմ, և, հնարավոր է, իշխանություններին հաջողվի դա անել։

Եվ խնդիրն այն չէ, որ պետք է բոլորին ստիպեն հետևել օրենքներին։ Ես իրավաբան չեմ, բայց նույնիսկ ինձ համար ակնհայտ է, որ շատ օրենքներ այնպես են գրված, որ դրանք անհնար է չխախտել կամ դրանք ուղղակի հրահրում են մարդկանց խախտումների։

Կարծում ենք, որ երկրի լավագույն իրավաբանական ուղեղները պետք է ձեռնամուխ լինեն հայկական պետության գրեթե բոլոր օրենքները վերանայելուն։

Ահա միայն մի օրինակ, որը մանրամասնությամբ հայտնի է ինձ։ Դատարանը որոշում է կայացնում մի քաղաքացու հանդեպ մյուս քաղաքացու ֆինանսական պարտավորությունների մասին, և դատարանի որոշումն արդար է, ոչ ոք չի պատրաստվում բողոքարկել այն. Մեղավոր կողմը պատրաստ է ինքնակամ և բարեխղճորեն կատարել պարտավորությունները։

Բայց ստացվում է, որ դա գրեթե անհնար է անել, որովհետև դատարանը որոշում կայացնելիս, երկար չմտածելով, գործն ուղարկում է կատարածուներին` Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն։ Կատարածուներն անում են իրենց գործը, իսկ դեպքերի նման զարգացումից ապշած մարդը տարակուսում է` ինչի համար են նման միջոցները, չէ որ ինքը պատրաստ էր ամեն ինչ անել` առանց հաշիվների վրա արգելանք դնելու, առանց նյարդերը վնասելու, տարբեր դիմումների վրա ժամանակ ծախսելու…

Բայց ընդամենը պետք էր փոխանցել մարդուն, օրինակ, ստացողի բանկային հաշվեհամարը և նա հանգիստ կմարեր իր պարտքը։ Մեր օրենքներում նման ընթացակարգ չկա և քեզ առանց հիմնավորումների համարում են պոտենցիալ չվճարող, և պետությունն ակնթարթորեն քեզ գցում է կատարածուների ձեռքը։

Սա միայն մի օրինակ է ընդամենը մեկ ոլորտից։ Վստահ եմ, որ մեր օրենքներում կան շատ նման անտրամաբանական և անձի տարրական իրավունքները ոտնահարող անհեթեթություններ։

Ահա և ծախսված էլեկտրաէներգիայի համար չափից բարձր հաշիվներ գրած տեսուչին դժվար է ապացուցել, որ նա, մեղմ ասած, ճիշտ չէ։ Հաշվիչը ցույց է տալիս այսքան, և ոչ ոքի չի հետաքրքրում, որ այդ հաշվիչի հետ մի բան այն չէ…

Բոլոր մակարդակներում` դռնապանից մինչև վարչապետ, օրինականության հասնելը չափազանց, անասելի բարդ է։ Բայց դա պետք է անել և անել հետևողականորեն։ Այլապես մենք կրկին կդոփենք տեղում և անխուսափելիորեն կվերադառնանք նույն կետին։ Դժվար թե ինչ–որ մեկը ուզում է դա։

Ըստ թեմայի

Ձերբակալվել է Նազիկ Ամիրյանը
Ոստիկանությունը որոնում է «Լեննականցի Ջեյմսին»
Խաժակյան. «Տարոն Մարգարյանի հրաժարականը կա, մնում է` այդ մասին հայտարարվի»
Ոստիկանությունը բացահայտել է. Մալիշկա համայնքի ղեկավարը յուրացրել է խոշոր չափերի գումար
Հատուկ գործողություն «հայկական մաֆիայի» դեմ. ձերբակալություններ ամբողջ Իսպանիայում
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ