09:24 02 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD486.24
  • GBP679.23
  • EUR578.33
  • RUB6.66
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Հայ գերիներ, անհետ կորածներ (363)
162 0 0

Հայ գերիների իրական թիվը թաքցնելը, մասնագետների համոզմամբ, բխում է Ադրբեջանի շահերից, քանի որ բացառված չէ, որ գերի համարվող մարդիկ խոշտանգված ու անգամ սպանված լինեն։ Մինչդեռ հրապարակված թիվը գերիների փրկության ռեալ երաշխիք է։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Պատերազմից շուրջ 8 ամիս անց Ադրբեջանը դեռ չի տրամադրել իր մոտ պահվող հայ գերիների պաշտոնական թիվը։ Այսօր «Հոդված 3» ակումբում կազմակերպված քննարկմանը նման տեսակետ հայտնեց ՄԻԵԴ-ում ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Սիրանուշ Սահակյանը` համոզմունք հայտնելով, որ այդ թիվը հայկական կողմը կարող էր ստանալ բանակցային պրոցեսի շրջանակում։

«Ինչ–ինչ պատճառներով սա մեզ համար բաց թողնված հնարավորություն է եղել` թե՛ բանակցությւնների ընթացքում, թե՛ բանակցություններից անմիջապես հետո։ Մենք չունեցանք թափանցիկ, վստահությունը վերականգնող գործընթաց, որի շրջանակում երկու կողմերն էլ կբացահայտեին գերիների իրական թիվը»,– ասաց Սահակյանը։

Մինչդեռ այդ տեղեկատվությունը չհրապարակելով` Ադրբեջանն այսօր «թանկացնում է» դրա գինը` ներկա պահին, օրինակ, գերիների յուրաքանչյուր խմբի դիմաց ականապատման քարտեզներ պահանջելով։ Ընդ որում, այն դեպքում, երբ պարտավորվել էր դա անել առանց նախապայմանի։

Փաստաբանին, մեղմ ասած, չի գոհացնում նաև Ադրբեջանի կատարած ռազմական հանցագործությունների, այդ թվում` հայ ռազմագերիների նկատմամբ կատարված անմարդկային վերաբերմունքի փաստերի վերաբերյալ միջազգային հանրության արձագանքը։

«Կարևոր քայլ». Ֆրանսիայի ԱԳՆ-ն՝ հայ գերիների ազատ արձակման մասին

«Շատ հեղինակավոր կառույցներ հրապարակային խոսել են Բաքվի պատերազմական հանցագործությունների մասին, բայց անգամ նման հայտարարությունների պարագայում մենք չունենք պատշաճ սանկցիաներ Ադրբեջանի նկատմամբ»,– ասաց Սահակյանը։

Փաստաբանը չհերքեց, որ ադրբեջանա–թուրքական քաղաքական կապիտալն այսօր աշխարհում բավական ազդեցիկ է, բայց և կարծիք հայտնեց, որ պատշաճ աշխատանքի պարագայում Հայաստանը ևս կարող էր հասնել նրան, որ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեին։

Քննարկմանը մասնակցող Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էլ շեշտեց, որ Ադրբեջանը շարունակում է հայ ռազմագերիների հարցը սակարկման առարկա դարձնել, և դրա լավագույն ապացույցը, նրա դիտարկմամբ, Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների տիկնանց զրույցն էր գերիների մասին։

«Այդ տեսանյութը որպես ապացույց բավական լայն տարածում ստացավ միջազգային կազմակերպություններում։ Նման ապացույցների հիման վրա պետք է փորձենք աշխարհում ճիշտ պատկերացումներ ու գնահատականներ ձևավորել»,– ասաց նա։

Բանախոսները նաև նշեցին, որ Ադրբեջանը հայ ռազմագերիների վերադարձի իր ստանձնած պարտավորությունը չի կատարում, փոխարենը այդ հարցը քաղաքական սակարկման առարկա է դարձրել ու հայ գերիների դիմաց Հայաստանից պահանջում է իր վերահսկողությանն անցած տարածքների ականապատման քարտեզները։

«Մենք պետք է թույլ չտանք, որ միջազգային հանրության մոտ ձևավորվի տեսակետ, թե գործընթացը ընթանում է, դե հիմա մաս–մաս է ընթանում, ոչինչ, թող մի ամսում չլուծվի, 6 ամսում լուծվի։ Հարցն այն է, որ պետք է երբեք թույլ չտալ Ադրբեջանի իշխանություններին գերիների հարցը կապել այլ հարցերի հետ ու քաղաքականացնել»,– ասաց Թաթոյանը` հավելելով, որ ՀՀ–ի հիմնական խնդիրն է թույլ չտալ, որ Ադրբեջանը աշխարհում ձևավորի կարծրատիպեր Հայաստանի մասին։

Քննարկմանը մասնակցող Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտնեց, որ ներկա պահին Ադրբեջանը հաստատել է միայն 45 հայ գերիների իր երկրում լինելու փաստը։ Բայց հայկական կողմի տեղեկություններով՝ այդ թիվը շատ ավելի մեծ է։

«Հիանալի լուր Բաքվից և Երևանից». Կլաարի արձագանքը` քարտեզների դիմաց գերիների վերադարձին

«Ունենք թե՛ տեսագրությունների, և թե՛ վերադարձած անձանց կողմից հաստատված տեղեկություններ մի քանի անձանց վերաբերյալ, որ նրանք գտնվել են գերության մեջ, իրենց տեսել են գերության մեջ։ Այդ դեպքերի վերաբերյալ պետք է շարունակենք հետևողական լինել, որովհետև չեմ կարծում՝ ճիշտ է այս հարցում վստահել Ադրբեջանին»,– ասաց նա` հավելելով, որ իրականությունը թաքցնելը բխում է Ադրբեջանի շահերից, քանի որ բացառված չէ, որ այդ մարդիկ խոշտանգված ու անգամ սպանված լինեն։

Հուլիսի 3-ին Հայաստան վերադարձած հայ ռազմագերիներն Ադրբեջանում պահվում էին 2020 թվականի դեկտեմբերի 16-ից։ Տղաները գերեվարվել էին անցյալ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո` Արցախի Խծաբերդ գյուղից։

Ռուստամ Մուրադովը հայ գերիների նոր խմբի վերադարձից հետո հանդես է եկել հայտարարությամբ

Այսպիսով, Հայաստան վերադարձած գերիների ընդհանուր թիվը 103-ն է։ Ի դեպ, երբ Հայաստան վերադարձած գերիների թիվը 88-ն էր, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների ճշտված թիվը 60 է, չճշտվածը՝ 110։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում են մնալ մոտ 200 հայ գերիներ։

թեմա:
Հայ գերիներ, անհետ կորածներ (363)

Ըստ թեմայի

ՄԻԵԴ-ը չի միջամտում հայ գերիների նկատմամբ իրականացվող շինծու քրեական հետապնդումներին
«Բերնիդ մեռնեմ»․ ինչպես արձագանքեցին գերիների հարազատները` լսելով նրանց վերադարձի լուրը
Ռուստամ Մուրադովը հայ գերիների նոր խմբի վերադարձից հետո հանդես է եկել հայտարարությամբ
թեգերը:
գերի, Հայաստան, Ադրբեջան

Գլխավոր թեմաներ