08:33 30 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70

«Ես մեծ հույս ունեմ, որ Դավիթ Տոնոյանն էլ կխոսի». Տիգրան Աբրահամյան

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
22910

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրաժարականին։

Աբրահամյան. «Խոսելով` Դավիթ Տոնոյանը կլուծի նաև ինքնապաշտպանության հարց»

Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ` տեղի ունեցած ողբերգության մեջ յուրաքանչյուրն ունի իր պատասխանատվության աստիճանը, չափաբաժինը, և այդ տեսանկյունից պաշտպանության նախարարի հրաժարականը կամ ազատումը տրամաբանական է դիտվում` անկախ նրա անձնական որակներից, որովհետև դա արդեն իրավիճակի թելադրանքն է։ Ըստ նրա` պետք է հասկանալ, որ ամենամեծ պատասխանատվությունը կրում է երկրի վարչապետը, քանզի նա է պատասխանատուն երկրի ներսում տեղի ունեցող բոլոր գործընթացների համար, տվյալ պարագայում նաև դիվանագիտական ձախողումների ու ռազմական գործողությունների նման արդյունքի համար։ Աբրահամյանի կարծիքով` անտրամաբանական է այս փուլում վարչապետի պաշտոնավարման շարունակությունը։

«Ես մեծ հույս ունեմ, որ Դավիթ Տոնոյանը կխոսի տեղի ունեցածի մասին, որովհետև վերջին օրերին շատերն են սկսել խոսել, ինչն ամբողջացնում է իրավիճակի շատ դետալներն ու այն ընկալելի դարձնում հանրության համար։ Օրինակ` օրեր առաջ խոսեց ԶՈւ Գլխավոր շտաբի պետը, հանդես եկավ համապատասխան ուղերձով, որում կային չորս–հինգ կարևոր դրույթներ, որոնք այս իրավիճակի առթիվ պարունակում էին բազմաթիվ նորություններ` սկսած այն հանգամանքից, որ պատերազմի չորրորդ օրը քաղաքական իշխանությանն ասվել է պատերազմը դադարեցնելու անհրաժեշտության մասին` կապված մեր հնարավորությունների հետ, վերջացրած նրանով, որ պատերազմից դեռ երեք–չորս ամիս առաջ ԶՈւ Գլխավոր շտաբի պետը փաստորեն պատերազմական իրական իրավիճակի հետ կապված բոլոր ռիսկերը ներկայացրել է վարչապետին, բայց անհրաժեշտ աշխատանքներ չեն կատարվել»,– նշում է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավարը։

Աբրահամյանի կարծիքով` այսքանից հետո անհրաժեշտություն կա լսելու նաև Դավիթ Տոնոյանին, հասկանալու, թե ինչ հանձնարարություններ է ստացել վարչապետից, ինչ խնդիրներ են դրվել, որոնք կատարվել կամ չեն կատարվել, ում պատճառով չեն կատարվել, և միայն դրանից հետո հնարավոր կլինի գնահատել ընդհանուր իրավիճակը։

Աբրահամյանն անդրադարձավ նաև գեներալ Մովսես Հակոբյանի աղմկահարույց հայտարարություններին` նշելով, որ նրա տեսակետները ՊՆ աշխատանքի առնչությամբ խնդրահարույց են, ուստի Դավիթ Տոնոյանն անհրաժեշտաբար պետք է խոսի։

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար համոզմամբ` հանրությունը նույնպես շատ թվով հարցադրումներ ունի, որի հետ նախարարն աշխատել է, ուստի հնարավորություններ կան հանրության հետ բաց հաղորդակցվելու, որովհետև այս օրերին իշխանությունն իր տարբեր ներկայացուցիչների, քարոզչական գործիքների միջոցով փորձել է ամբողջությամբ մեղքը բարդել Դավիթ Տոնոյանի վրա, ուստի նա խոսելու պարագայում նաև ինքնապաշտպանության հարց կլուծի։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 16–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հայտարարեց, որ ՀՀ արտաքին գործերի նախարարին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել։ Կարճ ժամանակ անց ԱԳՆ խոսնակը հայտնեց, որ Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել և հրապարակեց նրա ձեռագիր դիմումը։ Նոյեմբերի 17-ին հրաժարականի դիմում ներկայացրեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Վերջին օրերին իրենց պաշտոններից հեռացել են նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդական Աշոտ Ղուլյանը, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության փոխնախարար Իրինա Ղափլանյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանը։

Պաշտոններից ազատվեցին նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ Պաշտպանության նախարարի պաշտոնը կստանձնի Վաղարշակ Հարությունյանը, արտակարգ իրավիճակների նախարարինը` Անդրանիկ Փիլոյանը, իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարինը` Մեսրոպ Առաքելյանը։

Նշենք, որ պաշտոնյաների ու պատգամավորների հրաժարականները սկսվել են նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հայտարարությունից հետո։

թեգերը:
Դավիթ Տոնոյան, Տիգրան Աբրահամյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ