Իշխանությունները պարտավոր են ամեն ինչ անել հնարավորինս արագ կարգավորելու զինծառայողների կոմունալ-կենցաղային պահման պահանջները Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավաբան Նորայր Նորիկյանը՝ մեկնաբանելով լրատվամիջոցներում շրջանառվող այն տեղեկությունները զինծառայողների կեցության անհրաժեշտ պայմանների բացակայության մասին:
«Դա պայմանավորված է նաև ռեսուրսներով, ունեցած միջոցներով, տեղակայման վայրերի առանձնահատկություններով... Հնարավորինս սեղմ ժամկետներում՝ կախված իրադրությունից, կախված ստորաբաժանումների ծավալներից, քանակից՝ իշխանությունները պարտավոր են օր առաջ լուծել այդ հարցը»,- ասաց նա:
Նրա խոսքով, եթե հնարավոր չէ տեսանելի ապագայում զորանոցներ կառուցել, ապա իշխանությունները պարտավոր են զինծառայողներին գոնե վրանային զորանոցներով ապահովել, ինչը հնարավորություն կտա մեր զինվորների համար քիչ թե շատ նորմալ պայմաններ ապահովել: Բայց բացը լրացնել չի հաջողվում, քանի որ, ըստ իրավաբանի, պետական կառավարման արդյունավետության, որոշ դեպքերում նաև ամենաթողության ու սեփական պարտավորությունների նկատմամբ փնթի վերաբերմունքի խնդիր ունենք: Նորիկյանն անհասկանալի է համարում, երբ ծառայության մեջ գտնվող զինծառայողը անհրաժեշտ բուժօգնություն չի ստանում:
«Ինձ համար որևէ ձևով հասկանալի չէ, եթե զինծառայողը համապատասխան բժշկական օգնություն չի ստանում: Սա խայտառակություն է ուղղակի, եթե այդպիսի խնդիրներ կան: Այս իրավիճակում ցանկացած առողջական խնդիր ունեցող զինծառայողի նկատմամբ պարտավոր են նորմալ, հավուր պատշաճի բժշկական սպասարկում իրականացնել անկախ նրանից, թե որտեղ է գտնվում զինծառայողը»,- նշեց Նորիկյանը:
Փաստաբանի խոսքով՝ մեկ այլ աբսուրդ է, երբ իշխանական պատգամավորները ռազմական դրության իրավական ռեժիմի չեղարկումը ձգձգում են նաև հումանիտար բեռներն ու անհրաժեշտ բժշկական օգնությունը զինվորներին ավելի արագ հասցնելու պատճառաբանությամբ:
«Կարծում եմ, որ այնուամենայնիվ հումանիտար օգնությունը չպետք է կապել ռազմական դրության պահպանման հետ: Անկախ իրավիճակից, հումանիտար օգնությունը պետք է տեղ հասցվի բոլոր պայմաններում»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
Նշենք, որ ՊԲ ստորաբաժանումները դուրս են բերվել այն տարածքներից և զորանոցներից, որոնք հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո, որն առաջացրել է մի շարք խնդիրներ կապված զինծառայողների կացարանների, նյութատեխնիկական սպասարկման և կենցաղային պայմանների հետ: