12:47 21 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.98
  • GBP615.73
  • EUR527.68
  • RUB7.46
Ցեղասպանության թանգարան

«Փամփուշտ տվեք` ինձ կրակեմ». օտար կանայք, որ հայ որբերին մայրեր դարձան. մաս 2–րդ

KAREN MINASYAN / AFP
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
262 0 0

Հայոց ցեղասպանության տարիներին հայ որբերից շատերը փրկվեցին օտար կանանց շնորհիվ։ Ներկայացնում ենք 20-րդ դարասկզբի անհայտ հերոսուհիների կենսագրություններ, որոնցից յուրաքանչյուրը մի հուզիչ պատմություն է։

ԵՐԵՎԱՆ, 30 hոկտեմբերի - Sputnik, Ժաննա Պողոսյան. 20-րդ դարասկզբին Հայոց ցեղասպանության լուրերը աշխարհի տարբեր ծայրերից սրտացավ մարդկանց բերեցին Օսմանյան կայսրություն` աջակցություն ցուցաբերելու հայերին։ Միսիոներների շարքում շատ էին կանայք, որոնք մայրեր դարձան ծնողազուրկ հայ փոքրիկների համար։ Sputnik Արմենիան երեք մասով ներկայացնում է այս կանանց պատմությունները, որոնց հավաքագրելուն օգնեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Հայկ Դեմոյանը։

«Փամփուշտ տվեք` ինձ կրակեմ, միայն թե չտեսնեմ այս ամենը». Ալմա Յոհանսոն

Շվեդուհի Ալմա Յոհանսոնն Օսմանյան կայսրություն եկած առաջին միսիոներներից էր։ 1901թ.–ից նա աշխատել է կայսրության որբանոցներում ու մարդասիրական հաստատություններում։ Լինելով Խարբերդ նահանգի Մեզրե քաղաքում ու տեսնելով անօթևան բազմաթիվ փոքրիկների` նա ձեռնամուխ է լինում որբանոցի ստեղծմանը։

1915թ.-ի կոտորածներին ականատես լինելու հետևանքով կինը ծանր հոգեկան ապրումներ է ունենում։ Նրա ժամանակակիցները հիշում են՝ ինչպես էր Ալման ասում. «Փամփուշտ տվեք` ինձ կրակեմ, միայն թե չտեսնեմ այս ամենը»։

1915թ.-ի աշնանը երիտթուրքական կառավարությունը միսիոներների դեմ ճնշումներ է սկսում, և Ալման հարկադրված է լինում գնալ Շվեդիա։ 1920թ.-ին նա նորից գալիս է Թուրքիա, Կոստանդնուպոլսում օգնում ջարդերից փրկված հայ որբերին։ 1923թ.–ին նա մեկնում է Հունաստանի Սալոնիկ քաղաք, որտեղ ապաստանել էին հայ գաղթականներ, աջակցում նրանց։ Կարևորելով կանանց ինտեգրումը նոր միջավայրին` Յոհանսոնը ստեղծում է արհեստանոց, որտեղ աշխատանք է գտնում 200 հայ գաղթական կին։ Սալոնիկում Ալման տպագրում է երկու գրքույկ` «Աքսորյալ ժողովուրդ մը» և «Հայ աքսորականներու կյանքը», որոնք վկայում են հայերի տեղահանության և նրանց վրա գործադրված բռնությունների մասին։

1941թ.-ին Յոհանսոնը գնում է Շվեդիա` մինչև կյանքի վերջ հայերենով նամակագրական կապ պահելով Սալոնիկի հայերի հետ։ Ինչպես շատ միսիոներներ, Ալմա Յոհանսոնը մահանում է պատկառելի տարիքում` 94 տարեկանում։

«Թուրքերը նման ծրագիր չէին կարողանա անել. գերմանացիների և սատանայի մատն է խառը». Թեյսի Աթքինսոն

Ամերիկուհի Թեյսի Աթքինսոնն իր ամուսնու՝ ԱՄՆ–ում ճանաչված բժիշկ Հերբերտ Աթքինսոնի հետ 1902թ.-ին գնում է Օսմանյան կայսրություն` միսիոներական առաքելություն կատարելու։ 1908թ.-ին ամուսինները վերադառնում են ԱՄՆ, որտեղ կազմակերպում են դրամահավաք Խարբերդի Մեզրե գյուղում հիվանդանոց կառուցելու համար։ 1909թ.-ին հիվանդանոցի կառուցումը սկսվում է, ամուսիններն ակտիվորեն աշխատում են այն ավարտին հասցնելու ուղղությամբ։ Այս անգամ նրանք իրենց հետ Օսմանյան կայսրություն են բերում իրենց երեք երեխաներին` Հենրիին, Ալիսին և Հարիեթին` ակնհայտորեն Խարբերդում հաստատվելու նպատակով։

1915թ.-ին սկսվում է համատարած կոտորածը։ Ամուսինները ձեռնամուխ են լինում հայերի փրկության գործին` պատսպարելով նրանց հիվանդանոցում և տանը։ Շուտով Խարբերդում տիֆի համաճարակ է սկսվում։ Հերբերտը մահանում է տիֆից։ Թեյսին, գիտակցելով հանդերձ, որ նույն ճակատագիրը կարող է սպառնալ թե՛ իրեն, թե՛ իր երեք երեխաներին, շարունակում է ղեկավարել Մեզրեի հիվանդանոցը։ Դրան զուգահեռ, նա իր օրագրում նկարագրում է ջարդերի տեսարանները։ Հատկապես ծանր են Թեյսիի հուշերը հիվանդանոցում հայտնված մանկահասակ մի տղայի մասին.

«Երեխան ծայրահեղ նյարդային վիճակում է։ Նրա կցկտուր խոսքերից հասկանում եմ, որ կողքի գյուղից տարհանված կանանց և երեխաների բազմության մեջ է եղել։ Պատմում է, որ գյուղի բոլոր տղամարդկանց գնդակահարել են կամ գլխատել։ Տղային մայրն աղջկա շորեր հագցնելով է փրկել։ Ժանդարմները հովիտներից մեկում հարձակվել են կանանց և երեխաների բազմության վրա` կողոպտել ու դանակահարել նրանց։ Տղայի մայրը շատ այլ կանանց ու երեխաների հետ միասին մահացել է ձիերի սմբակների տակ։ Հովտում այնպիսի սարսափելի հոտ է եղել, որ տղան ուշագնաց ընկել է։ Զինվորները նրան մահացած են համարել, ու հենց դա էլ փրկել է նրա կյանքը։ Երեխան մի քանի օր վազելով՝ հասել է մեզ»,-գրել է նա։

Թեյսին համոզված է եղել, որ Ցեղասպանությունը միայն թուրքերի կազմակերպածը չէ:

Իսրայելական քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան կկառուցեն

«Ո՞վ է տեսել, որ թուրքն այսքան հստակ, ծրագրած ու ճշգրիտ գործի։ Ես տասը տարուց ավելի թուրքերի հետ եմ աշխատում և վստահ եմ, որ սա միայն նրանց կազմակերպածը չէ։ Գերմանացու ու սատանայի մատը խառն է այստեղ»,-գրել է նա իր օրագրում։

1917թ.-ին Թեյսին երեք երեխաների հետ մեկնում է ԱՄՆ, որտեղ մահանում է 1937թ.-ին` մինչ այդ հասցնելով հրապարակել իր օրագրերը։

Երաժշտությունից փրկություն. Բերթա Մորլի

Ամերիկուհի Բերթա Մորլին 1913թ.–ին գնում է Օսմանյան կայսրության Մարզվան քաղաք` երաժշտություն դասավանդելու։ 1915թ.-ին Բերթան ականատես է լինում կոտորածին, վավերագրում իր տեսածն օրագրերում, որոնք ապագայում լույս են տեսնում որպես «Մարզվան 1915. Բերթա Մորլիի օրագրերը» վերնագրով գրքույկ։ 1916թ.-ին երիտթուրքերի ճնշումների հետևանքով Բերթան վերադառնում է ԱՄՆ։

Տարբերակներ փնտրելով Եղեռնից փրկված հայերին օգնելու համար` նա, որպես Կարմիր խաչ առաքելության անդամ, 1918թ.-ին գնում է Լիբանանի Անթուրա քաղաք, որտեղ գործում էր բռնի կրոնափոխված և թրքացման ծրագրին ենթարկված 1000 հայ երեխաների մանկատուն։ Մուդրոսի զինադադարից հետո` 1918թ.-ին, որբանոցն անցնում է Կարմիր խաչի հսկողության տակ, երեխաները վերամկրտվում են, նորից դառնում քրիստոնյա։ Բերթա Մորլին դառնում է որբանոցի տնօրենը, նաև որդեգրում է չորս որբերի` Հարություն Ալբոյաջյանին, Թորոս Ժամկոչյանին, եղբայրներ Թադևոս և Սեդրակ Խաշխաշյաններին։

Հարություն Ալբոյաջյանը տարիներ անց հրապարակել է իր հուշերը Ցեղասպանությունից` «Խաչելության ճամփաներով» վերնագրով գրքում: Ալբոյաջյանի առաջին հուշերը Մորլիի մասին՝ հետևյալն էին. «Մոտենում էր յուրաքանչյուր քնած երեխայի, ծածկում, եթե բաց էր, եթե վերմակով դեմքը ծածկված էր՝ վերմակը երեսից հետ քաշում, որպեսզի երեխան հեշտ շնչի: Մի խոսքով, նա մեզ համար պահապան հրեշտակ էր»։

Մորլին մահացել է ԱՄՆ–ում 95 տարեկան հասակում։

Կորսված դրախտ կամ Հայաստանն առանց հայերի. Ցեղասպանության «ժառանգությունը» լուսանկարներում

Ըստ թեմայի

Ինչպես է Թումանյանը գտել Ցեղասպանությունից փրկված հայ որբուկների լռությունը խախտելու ձևը
Մի որբի պատմություն. ինչո՞ւ Ղևոնդ պապը չէր սիրում պատմել որբանոցի մասին
«Հայերը մեզ խանգարում են». Արգենտինայում Թուրքիայի դեսպանի մոտ սրվել է «օսմանյան ալերգիան»
«Պահանջում էին հանձնել հայերին, բայց մերոնք չարեցին». «աթաթուրքերից» փրկված ժողովուրդները
թեգերը:
Կին, երեխա, մայր, Հայոց ցեղասպանություն, Ցեղասպանություն

Գլխավոր թեմաներ