10:08 25 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Տոտալ թելադրություն

«Տոտալ թելադրությունը» կարելի է գրել առցանց ակցիայի անցկացման օրը

© Sputnik/ Григорий Сысоев
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
3701

2017 թվականին «Տոտալ թելադրությունը» հնարավոր կլինի գրել աշխարհի ցանկացած կետից առցանց ակցիայի անցկացման օրը` ապրիլի 8-ին։

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik, Մարիա Շելուդյակովա. Մերձավոր երկրներում ռուսաց լեզվի տարածաշրջանային առանձնահատկությունները չպետք է ազդեն «Տոտալ թելադրության» արդյունքների վրա. Sputnik-ին ասել է բանասիրական գիտությունների դոկտոր Վլադիմիր Բելիկովը։

«Տոտալ թելադրությունը» տարեցտարի ավելի պահանջված է դառնում օտարերկրացիների շրջանում։ Անցյալ տարի մասնակցության քանակով առաջատար է եղել Թբիլիսին։

2017 թվականին թելադրություն կգրեն 35 երկրում։ Նրանց համար, ովքեր լավ չեն տիրապետում լեզվին, հատուկ TruD թեստ է մշակվել։ Սակայն ռուսաց լեզվի կրողները մերձավոր երկրներում, ինչպես անցյալ տարիներին, կընտրեն ոչ պարզեցված տարբերակը, քանի որ այդ երկրներում ռուսաց լեզվի իմացությունը բավական բարձր է։

Մերձավոր երկրներում ռուսերենը տարբերվում է նորմատիվային ռուսաց լեզվից. Տարբերություններ կան և՛ բառապաշարում, և՛ քերականական մակարդակում։ Սակայն լեզվաբան դոկտոր Բելիկովը համոզված է, որ այդ տարբերությունները չեն ազդի թելադրության արդյունքի վրա։

««Տոտալ թելադրության» մեջ չի կարող օգտագործվել միայն Ռուսաստանին կամ միայն Լատվիային բնորոշ բառապաշար։ Դա անհավանական կլիներ։ Թելադրությունը կազմողները քաջատեղյակ են այդ առանձնահատկությունների մասին, — բացատրել է Բելիկովը։ — Իհարկե, եթե հանկարծ թելադրության հեղինակը Ուզբեկստանից կամ Ադրբեջանից լիներ, նախնական տարբերակում կարող էր տարածաշրջանային բառապաշար լինել, բայց տեքստերը բազմաթիվ անգամ են ստուգվել»։

Ըստ լեզվաբանի` նրանք, ովքեր խոսում են տարածաշրջանային գրական լեզվով, սովորաբար այդ մասին նույնիսկ չեն էլ մտածում։ Տարբերություններ, սակայն, կան, և ոչ միայն Տաշքենդի և Թբիլիսիի ռուսաց լեզվի միջև։ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում նույնպես տարբեր կերպ են խոսում, առանձնահատկություններ կան նաև Ուրալում և Սիբիրում։

««Տոտալ թելադրության» տեքստը բազմաթիվ անգամ քննարկվում է պատրաստելու ընթացքում, էկզոտիկ տարրերը հանվում են։ Ի դեպ, «Տոտալ թելադրություն» անցկացնելու գաղափարն առաջացել է Նովոսիբիրսկում, պետք է նշել, որ այդ քաղաքում նույնպես ռուսաց լեզուն յուրահատուկ է։ Նույնիսկ փոքր բառարան է հրատարակվել Նովոսիբիրսկի լեզվի առանձնահատկությունների մասին։ Սակայն Մոսկվայում կհետևեն, որ թելադրության մեջ որևէ ավելորդ բան չլինի», — վստահեցրեց գիտնականը։

Նրա խոսքով` ռուսաց լեզուն մերձավոր երկրներում վաղուց է փոփոխությունների ենթարկվել, և այս երևույթը չի կարելի ժամանակակից անվանել։ Ռուսները, որոնց նախնիները XIX դարում ապրել են Անդրկովկասում, հարյուր տարի առաջ էլ այնպես չեն խոսել, ինչպես կենտոնական Ռուսաստանում։ Իրավիճակը նույնն է նաև Կենտրոնական Ասիայի և Բալթյան երկրներում։

Ուղղախոսության մասին խոսելիս պետք է նշել, որ ռուսաց լեզվի «հայրենական տարբերակը» ձևավորվել է Մոսկվայում, քանի որ այնտեղ մշտապես ուղղախոսական բառարաններ են կազմվել տպագրության համար։ Սանկտ Պետերբուրգում ընդունված նորմերը Մոսկվայի ուղղախոսական բառարաններում չեն կիրառվել։ Իսկ ակադեմիական բացատրական բառարանները միշտ հրատարակվել են Սանկտ պետերբուրգում` սկսած XIX դարից մինչև մեր օրերը։

Բելիկովը բացատրել է, որ խորհրդային ժամանակաշրջանում լեզվի տարածաշրջանային նորմը չէր ընդունվում գաղափարական նկատառումներով։ ԽՍՀՄ-ում կոմունիզմ էին կառուցում, պետք է միաձուլվեր մտավոր և ֆիզիկական աշխատանքը, այդ պատճառով բոլորը պետք է միանման խոսեին։

«Գիտնականները փորձում էին առաջ քաշել տարածաշրջանային գրական նորմ հասկացությունը, սակայն այդ փորձերը տապալվում էին։ Թեև, իհարկե, ակնհայտ է, որ ռուսաց լեզուն տարբեր է այսպիսի մեծ տարածքում», — ընդգծել է գիտնականը։

Հետխորհրդային ժամանակաշրջանում լեզվի միատեսակությունը պնդելու անհրաժեշտություն այլևս չկար։ ԽՍՀՄ երկրներում առկա տարբերությունները պահպանվեցին, իսկ քաղաքական իրողությունների փոփոխման հետևանքով ավելացան նորերը։

Օրինակ` Ռուսաստանի, Ղազախստանի կամ Լատվիայի խորհրդարանները տարբեր անվանում ունեն։ Բացի այդ, ի հայտ եկան դրամական միավորներ և գործունեության նոր ոլորտներ, որոնք ամեն երկրում իրարից անկախ ձևավորվեցին, օրինակ` բանկային և գովազդային ոլորտները։ Ըստ լեզվաբանի` նոր իրողություններին զուգահեռ ձևավորվեց նաև նոր բառապաշար։

2017 թվականին «Տոտալ թելադրությունը» հնարավոր կլինի գրել աշխարհի ցանկացած կետից առցանց ակցիայի անցկացման օրը` ապրիլի 8-ին ։ Կազմակերպիչները հեռարձակում կիրականացնեն 5 հարթակից 3 ժամային գոտում, իսկ հատուկ ալգորիթմը կստուգի սխալները։ Առցանց հեռարձակումը հասանելի կլինի totaldict.ru կայքի օգտատերերին ապրիլի 8-ին Մոսկվայի ժամանակով ժամը 8:00-ին, 11:00-ին և 14:00-ին։

«Տոտալ թելադրությունն» ամենամյա կրթական ակցիա է, որն անցկացվում է կամավորական սկզբունքով ։ Նման թելադրություն անցկացնելու գաղափարը ծնվել է Նովոսիբիրսկում 2000 թվականին։ Ակցիան վերածվել է միջազգային զանգվածային իրադարձության։ 2016 թվականին ակցիային մասնակցել է ավելի քան 145 հազար մարդ։

Русская версия

Գլխավոր թեմաներ