04:56 12 դեկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Դոնալդ Թրամփ

Վաշինգտոնի «իսրայելական ձին». ինչ է կանգնած Թրամփի նվերի հետևում

© Flickr/ Gage Skidmore
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
67 0 0

ԱՄՆ նախագահը պարտավոր էր սատարել Իսրայելին, քանի որ հրեա միլիարդատերերը նրա համար միլիոնավոր դոլարներ են ծախսել։

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ցանկացած հանրապետականի նման, պետք է աջակցեր Իսրայելին, կարծում է ամերիկագետ Արեգ Գալստյանը։

Նախագահ Թրամփի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը համաշխարհային հանրության շրջանում բուռն իրարանցում է առաջացրել։ Ամերիկացի առաջնորդը նաև փաստաթուղթ է ստորագրել ամերիկյան դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին։

«Ամերիկայի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելն ու քաղաքն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական խոստումներից մեկն է», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հիշեցրեց Գալստյանը։

Նրա խոսքով` Թրամփը, հանրապետական լինելով, պետք է սատարեր Իսրայելին։ Գաղտնիք չէ, որ կուսակցության խոշորագույն հովանավորների տասնյակում են հրեական ծագում ունեցող չորս ամերիկացի միլիարդատեր։ Նրանց թվում է նաև Շելդոն Ադելսոնը, որը 2016 թվականին դաշնային ընտրությունների համար ավելի քան 100 մլն դոլար էր հատկացրել, որից 30-35 միլիոնն անցան Թրամփի նախընտրական շտաբին։

Քաղաքագետ, «Հայաստան-Իսրայել» միջազգային հասարակական ֆորումի համանախագահ, դոկտոր Ալեքսանդր Ցինկերին չի զարմացրել Թրամփի հայտարարությունը, և նա չի հասկանում, թե ինչու է այդքան բուռն արձագանք հաջորդել դրան։

«ԱՄՆ կոնգրեսը ավելի քան 20 տարի առաջ արդեն ճանաչել էր Երուսաղեմը։ Մենք 1948 թվականին պետություն ստեղծելով` Երուսաղեմն անմիջապես անվանեցինք մեր մայրաքաղաքը։ Իսրայել ժամանող պատվիրակությունները Իսրայել են մեկնում, որտեղ հանդիպում են վարչապետի հետ, այցելում խորհրդարան, և ոչ մեկի մոտ հարցեր չի առաջանում», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ցինկերը։

Նրա խոսքով` Թրամփի հայտարարության մեջ հստակ ասված է, որ Երուսաղեմի սահմանների վերաբերյալ ոչինչ որոշված չէ։ Այդպիսով, ինչպես նշեց Ցինկերը, մեծ հաշվով ոչինչ տեղի չի ունեցել։

Այնուամենայնիվ, Ցինկերը գտել է այդ «ոչինչ»-ի պատճառները, ավելի ճիշտ` նշել մի շարք գործոններ, որոնք կարող էին դրդել ԱՄՆ նախագահին Երուսաղեմը շուտափույթ ճանաչել Իսրայելի մայրաքաղաք։ Մի կողմից, նշեց զրուցակիցը, նման գործոն կարող է լինել պաղեստինա-իսրայելական հարաբերական անդորրը, մյուս կողմից` ԱՄՆ-ի և Իսրայելի ղեկավարների անհարմար դիրքը։

«Թրամփի նվերը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին դրական ազդանշան է։ Սակայն մեծ հաշվով դա ոչինչ չի նշանակում, քանի որ ԱՄՆ դեսպանատունը չի տեղափոխվում», — նշեց Ցինկերը` հիշեցնելով, որ ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու որոշումը վաղուց է ընդունվել, բայց ԱՄՆ առաջնորդն ամեն անգամ տեղափոխումը հետաձգելու հրաման է ստորագրում։

ԱՄՆ նախագահը Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին հայտարարել է դեկտեմբերի 6-ին։ Ավելին` ամերիկացի առաջնորդը հայտարարել է նաև, որ ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ է տեղափոխվելու։ Պաղեստինցիները թշնամաբար են ընդունել Թրամփի որոշումը, նրանց առաջնորդ Մահմուդ Աբասը հայտարարել է, որ Ամերիկայի նախագահի որոշումը հավասարազոր է խաղաղ բանակցություններում միջնորդի դերից հրաժարվելուն։

Գլխավոր թեմաներ