ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում գտնվող մշակութային արժեք ներկայացնող շենքը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի նստավայրը, ունի վերանորոգման աշխատանքների անհրաժեշտություն։ Ասված է կառավարության նիստում այսօր հաստատված որոշման նախագծում։
Ընդ որում, նշվում է նաև, որ 2019 թվականի պետական բյուջեով այդ նպատակի համար հատկացված միջոցներ չկան: Բայց անհրաժեշտ է 63 400 000 դրամ։
Վարչապետի աշխատակազմի կողմից մշակված նախագծով առաջարկվում է`«կարևորելով և առաջնահերթ խնդիր համարելով» վերանորոգումը, փոփոխություններ կատարել վարչապետի աշխատակազմի կողմից իրականացվող այլ ծրագրերով նախատեսված միջոցներում։
Մասնավորապես` վերաբաշխել հանրային կարծիքի ուսումնասիրության, կառավարության գործունեության գնահատականների՝ կյանքի որակի և համայնքային կարիքների գնահատման հետազոտությունների, վարչապետի լիազորությունների իրականացման ապահովման, ծառայությունների, ծրագրերի համակարգման, վարչապետի աշխատակազմի տեխնիկական հագեցվածության միջոցառումների ծրագրերի համար բյուջեով հատկացված գումարները։
Թե կոնկրետ ինչ վերանորոգման աշխատանքներ են իրականացվելու կառավարության շենքում, նախագիծը չի մանրամասնում, դրա որոշ կետեր հույժ գաղտնի են։
Կառավարության նիստում նախագիծն ընդունվեց միաձայն, առանց քննարկման։