ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի - Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անհիմն է համարում Ռուսաստանի հասցեին հնչող այն մեղադրանքները, թե Հայաստանին էական աջակցություն չի ցուցաբերել Ղարաբաղյան հակամարտության հարցում:
«Նրանց կշտամբանքները, ովքեր ձեզ մոտ «Ֆեյսբուքում» գրում են Ռուսաստանի հասցեին, բացարձակապես անհիմն են։ Ռուսաստանի նախագահը միանշանակ ասել է, որ Ռուսաստանը չի մոռանում ՀԱՊԿ-ի գծով իր պարտականությունների մասին, և եթե որևէ մեկը հարձակվի Հայաստանի տարածքի վրա, ամեն ինչ կանի իր դաշնակցի պաշտպանության համար», - ասել է Պեսկովը RT-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի համար թանկ են թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերությունները։
«Մենք Հայաստանի հետ գտնվում ենք ԵվրԱզԷս-ում, ՀԱՊԿ-ում, Հայաստանը մի երկիր է, որի հետ մենք դարեր շարունակ հարաբերություններ ենք կառուցել, նույնը` ադրբեջանցիների դեպքում։ Եվ մենք գնահատում ենք մեր պատմական բարեկամությունը և՛ Ադրբեջանի ժողովրդի, և՛ Հայաստանի ժողովրդի հետ, միայն այդ մոտեցումը Ռուսաստանին թույլ տվեց անաչառ միջնորդի դեր խաղալ», - ասել է Պեսկովը ։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:
Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։
Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1339 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։