14:48 15 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP592.94
  • EUR528.61
  • RUB7.41
Հանքավայր

Չե՛մ հավատում. «Լիդիան Արմենիայի» փաստարկները չեն համոզում բնապահպաններին

© Hetq
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
43720

Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը սև ամպի պես կախվել է Հայաստանի ջրային պաշարների գլխին։ Բնապահպանները չեն դադարում ահազանգել, «Լիդիան Արմենիայի» աշխատակիցներն ամեն կերպ փորձում են հանգստացնել նրանց, իսկ մամուլը չի դադարում գրել այդ մասին...

Լիլիթ Հարությունյան, Sputnik

Այսօր ամբողջ աշխարհում նշում են Ջրի օրը։ Մինչ գիտնականները փորձում են գտնել ջրի նորանոր հատկություններն ու գաղտնիքները, Հայաստանի բնապահպաններն ամեն ինչ անում են երկրի ջրային պաշարները պահպանելու համար, որոնց համար լրջորեն սպառնալիք է հանդիսանում լեռնահանքային արդյունաբերության զարգացումը։ Այլ կերպ ասած` բոլոր նրանք, ովքեր անտարբեր չեն մեր հնագույն երկրի բնապահպանության նկատմամբ, շունչները պահած սպասում են, թե ինչ կլինի Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումից հետո, իսկ հանքավայրը նախատեսվում է շահագործման հանձնել մյուս տարի։

Sputnik Արմենիան ներկայացնում է երկու հակադիր կողմերի տեսակետները. Կողմերից մեկը «Լիդիան Արմենիա» ընկերությունն է, որը զբաղվում է հանքավայրի շահագործման հարցերով, մյուսը` «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամ, բնապահպան Լևոն Գալստյանը։

Լիդիանի նախազգուշական միջոցները

«Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման գծով ավագ մենեջեր Արմեն Ստեփանյանը կարծում է, որ ժամանակակից լեռնահանքային տեխնոլոգիաները թույլ են տալիս կառավարել բոլոր ռիսկերը և կանխել շրջակա միջավայրի աղտոտումը։

«Հակառակ դեպքում լեռնահանքային արդյունաբերությունը գոյություն չէր ունենա այնպիսի երկրներում, ինչպիսիք են Շվեդիան կամ Ֆինլանդիան։ Ժամանակակից հանքերը բարդ ինժեներական նախագծեր են: Ամեն հանգույց, այդ թվում բացահանքերը, դատարկ ապարների լցակույտը, կույտային տարրալվացման հարթակը նախագծվում են առաջատար ինժեներական ընկերությունների կողմից և ունեն տեխնոլոգիական լուծումները բոլոր ջրային հոսքերի կառավարման համար», — նշում է Ստեփանյանը։

Ինչ վերաբերում է այնպիսի տարրերի կորզման գործընթացին, ինչպիսիք են կոբալտը, պղինձը, երկաթը, նիկելը, սնդիկը, ցինկը, վոլֆրամը, բիսմութը, քրոմը, կապարը, ինչպես նաև վնասակար թունավոր տարրերը` մկնդեղը, սելենը, թելուրը, բերիլիումը, կադմիումը, որոնք փորձագետների կարծիքով առկա են Ամուլսարում, Ստեփանյանը նշում է. «Ամուլսարի հանքավայրի հանքաքարը արդյունաբերական տեսանկյունից պարունակում է միայն ոսկի և արծաթ: Մետաղների այլ պարունակությունները չնչին են և կորզման համար անհրաժեշտ ծավալներ չեն ապահովում»։

Նա նշում է, որ Ամուլսարում երկրաբանական լայնածավալ հետազոտություն է իրականացրել միայն «Լիդիան Արմենիա» ընկերությունը։

Ցիանիդային տարրալվացման վերաբերյալ Ստեփանյանը պնդում է` 2015-ին ընկերության կողմից օպտիմալացման ծրագիր է իրականացվել, որի շնորհիվ նատրիումի ցիանիդի (NaCN) և աղաթթվի (HCl) քանակը նվազել է կիսով չափ, այսինքն օգտագործվելու է տարեկան 1000 տոննա նատրիումի ցիանիդ և 500 տոննա աղաթթու:

«Դրանք օգտագործվելու են 1 տարվա ընթացքում։ Դրանց քանակն ավելանալու է արտադրական գործընթացի ընթացքում, և այդ նյութերը չեն կուտակվելու։ Այդ տարրերը, ինչպես նաև այլ քիմիական տարրեր քայքայվելու են», — հաղորդում է Ստեփանյանը։

Նա ավելացրեց, որ հանքի փակման ժամանակ կույտային տարրալվացման հարթակը լվացվում է, պատվում ջրամեկուսիչ կավային շերտով, այնուհետև հողի բերրի շերտով և կանաչապատվում է։

«Արդյունքում այն վերածվում է բնական լանդշաֆտի հետ ձուլված տարածքի: Քանի որ հանքաքարն ամբողջությամբ օքսիդացված է, այստեղ թթվային ապարների դրենաժի խնդիր չկա: Հանքի փակման պլանը մանրամասն նախագծված, երկարատև և բարդ գործընթաց է և ընդհանուր նախագծի պարտադիր մասն է, որը ներկայացված է Ամուլսարի Շրջակա միջավայրի ազդեցության գնահատականի փաստաթղթերում: Հանքի փակումը նախատեսված է իրականացնել շահագործումից հետո 5.5 տարվա ընթացքում: Ընդհանուր ծախսը կազմելու է մոտ 4 միլիոն դոլարին համարժեք դրամ», — նշում է Ստեփանյանը։

Նրա խոսքով` հանքավայրի փակման ծրագիրը մշակվել է` ներառելով ﬕջազգային լավագույն փորձը և լավագույն վերականգնողական ﬕջոցները:

Ամեն փայլուն բան ոսկի չէ

Չնայած «Լիդիան Արմենիա» ընկերության բավական հուսադրող փաստարկներին, հայ բնապահպանների միությունն` ի դեմս «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության և բնապահպան Լևոն Գալստյանի, հոռետեսորեն է տրամադրված։

Գալստյանը կարծում է, որ անհնար է լայնածավալ գործունեությունն այնպես կազմակերպել, որ խուսափեն արտանետումներից, վթարներից և այլ չնախատեսված աղտոտումներից։

«Տարեկան 10 մլն տոննա հանքաքարի վերամշակումը մոտավորապես 300 հեկտարում, դրան գումարած ցիանիդային վերամշակումը 130 հեկտարում… Նույնիսկ այնպիսի զարգացած երկրներում, ինչպիսիք են Կանադան, ԱՄՆ-ն, Ավստրալիան, նման փորձ չկա», — նշում է Գալստյանը։

Նրա խոսքով` լեռնահանքային արդյունաբերությունում կան ռիսկեր, որոնք ինչ-որ կերպ կարելի է վերահսկել և մեղմացնել, բայց որոշ սպառնալիքներ անհնար է կանխատեսել։

«Երբ դու հանք ես բացում, պայթեցնում, մանրացնում ապարները, որոնք հայտնվում են օդի, ջրի անմիջական ազդեցության տակ, սկսվում է օքսիդացման գործընթացը, որն անհնար է վերահսկել և դադարեցնել», — ընդգծում է բնապահպանը։

Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Հայաստանի կառավարությունը Լիդիանին դրական պատասխան է տվել` չանցկացնելով սեփական փորձաքննությունը։

«Փորձաքննություն է անցկացրել միայն Լիդիանը, որը շահագրգիռ կողմ է։ Մենք շփվել ենք շատ մասնագետների հետ` ինչպես տեղի, այնպես էլ արտասահմանյան, հետազոտել ենք բազմաթիվ նյութեր հանքավայրերի մասին, որոնք օգտագործվել են նաև այսպես կոչված չափանիշներով, և համոզվել ենք, որ դրանց շահագործման ժամանակ ծագել են բազմաթիվ խնդիրներ», — ասաց բնապահպանը։

Նրա խոսքով` Ամուլսարի տարածքում կան ջրային մեծ պաշարներ, որոնք ռազմավարական նշանակություն ունեն Հայաստանի համար` Որոտան, Արփա գետերը, ինչպես նաև Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարները։

«Եթե դու լեռնահանքային գործունեություն ես ծավալում ջրային համակարգերի տարածքում, դրանց քիմիական կազմն ամեն դեպքում փոխվելու է։ Բոլոր այն վտանգավոր նյութերը, այդ թվում` այնպիսի ռադիոակտիվ մետաղները, ինչպիսիք են ուրանը և թորիումը (ես դրանք անձամբ եմ ուսումնասիրել), որոնք առկա են Ամուլսարի հանքավայրում, կանցնեն բնական միջավայր», — ասում է Գալստյանը։

Նա ավելացնում է, որ այդ նյութերը կընկնեն Կեչուտի ջրամբար, որի ջրերը թափվում են Սևան, իսկ դրանց մի մասն Արփա գետով կհասնի Վայոց Ձորի մարզ, որտեղ հսկայական տարածք է ոռոգվում։

«Մենք համոզված ենք, որ մեծ խնդիրներ կառաջանան, որոնք Լիդիանից բացի ոչ ոք չի գնահատել։ Չեն գնահատել նաև հանքավայրի ազդեցությունը Որոտան–Արփա ջրատար թունելի, Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարների վրա», — ասում է բնապահպանը։

Ըստ նրա` հենց այդ պատճառով պետք է անցկացնել լուրջ անկախ փորձաքննություն, իսկ հետո կյանքի կոչել այդքան գլոբալ նախագիծը, որը սպառնում է ամբողջ Հայաստանի էկոհամակարգին։

Русская версия

Գլխավոր թեմաներ