23:16 17 հուլիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD480.37
  • GBP636.68
  • EUR563.47
  • RUB7.69
Ռեջեփ Թայիփ Էրդողան

Էրդողանի հիստերիան, կամ Թուրքիայի ցնորամտությունը բոլորի կոկորդին է կանգնել

© AFP 2018 / ADEM ALTAN
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
17821

Կարծես` Էրդողանը քաղաքականության մեջ շանտաժից բացի այլ միջոցներ չգիտի, սակայն շանտաժը բումերանգի պես վերադառնում է նրան։ Նա հասցրել է փչացնել Թուրքիայի հարաբերությունները գրեթե բոլորի հետ, կարծում է Sputnik Արմենիայի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը։

Վերջերս Թուրքիային հաջողվել է հարաբերությունները փչացնել գրեթե բոլոր դաշնակիցների հետ` նախագահ Էրդողանի խելացնոր պահվածքի պատճառով։ Զուգահեռաբար, որպես այլընտրանք, Էրդողանը զարգացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ, հավանաբար մտածելով, որ այնտեղ մոռացել են խոցված ինքնաթիռի մասին ու ուշադրություն չեն դարձնում Ղրիմի վերաբերյալ նրա ասածներին։

Էրդողանը վաղուց է սկսել լարվել ։ Ոչ առաջին, բայց ամենակարևոր ուղենիշը դարձավ այն, որ վարչապետի պաշտոնից հեռացավ Դավութօղլուն, որը չափազանց հավասարակշռված ու հանգիստ մարդ էր։ Էրդողանին չկանգնեցրեց նաև արտաքին գործերի նախկին նախարարի ամուր կապերը Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ։

Գործը հասավ նրան, որ թուրքական համալսարաններում արգելվեցին Դավութօղլուի դասախոսությունները։

Ամեն դեպքում, նախաձեռնող ու Էրդողանի համար չափից շատ ինքնաբավ Դավութօղլուն փոխարինվեց «դիկտորով»` Բինալի Յըլդըրըմով, որը կարդում է իր առջև դրված տեքստերը. նրան անվանում են նաև «Էրդողանի խոսող գլուխ»։ Այսպիսով, որոշ փորձագետներ կարծում են, որ Յըլդըրըմն իր պաշտոնում երկար չի մնա։

Էրսողանն իր` XXI դարի համար խորթ նեոօսմանիզմով, ռեկորդային կարճ ժամանակահատվածում հասցրել է բոլորի կոկորդին կանգնել։ Սկզբում` ուղիղ երկու տարի առաջ, նա Ռուսաստանի հետ հարաբերությունները հասցրեց գրեթե ուղիղ դիմակայության ու հետո հետ քայլ արեց, երբ վերջնականապես հասկացավ, որ զիջումներ կարող է ակնկալել։ Հետո մեղավորի դերում հայտնվեց հակառակ կողմը` Եվրոպան, ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն։

Բայց Արևմուտքի ու ՆԱՏՕ-ի հետ իրարանցումից առաջ «հեղաշրջում» եղավ։ Ավելի շուտ` հեղաշրջման փորձ, որն Էրդողանի համար այնքան ժամանակին էր ու հաջող, որ չլինելու դեպքում այն պետք էր հորինել։ Մեծ քանակությամբ անցանկալի մարդկանց վերջ տալով, չստացված «հեղաշրջման» պատասխանատվությունը դնելով իր հակառակորդ Գյուլենի վրա` Էրդողանը սկսեց Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ կռվել, միաժամանակ ցուցադրական մտերմանալով Ռուսաստանի հետ։

Թուրքիայի նախագահի երբեմն անտրամաբանական արարքները բերեցին նրան, որ եվրոպական ու ամերիկյան սթափ քաղաքական գործիչները սկսեցին վրդովել։ ԱՄՆ-ն դեռ զերծ է մնում կտրուկ քայլերից, բայց Եվրոպան, ի դեմս Գերմանիայի ու Նիդեռլանդների, արդեն ցուցադրում է թուրքական քաղաքականության անընդունելիությունը։

Ու հիմա գործը գրեթե հասել է ՆԱՏՕ-ից «բաժանմանը»։

Ու կրկին, ասես պատվերով ու Էրդողանի համար շատ համար, տասն օր առաջ հիշարժան բան տեղի ունեցավ։ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Աթաթուրքն ու ներկայիս նախագահը ներկայացվել են որպես ՆԱՏՕ-ի թշնամիներ` Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ։ Խոսքը Սթավանգերում տեղի ունեցած զորավարժությունների մասին է. ՆԱՏՕ-ի տվյալներով` «դա թիմային-շտաբային զորավարժություններ էին` համակարգիչների օգնությամբ` առանց զորքերի կիրառման»։

Հենց Էրդողանն իմացավ այդ մասին, նա հրաման տվեց, որ հետ կանչեն 40 թուրք սպաներին, որոնք պետք է մասնակցեին զորավարժություններին։ Դիմելով իր կուսակցությանը` նա ասաց. «Մենք չպետք է ունենանք այսպիսի դաշինք ու այսպիսի դաշնակիցներ։ Թուրքական ԶԼՄ-ների համաձայն` Աթաթուրքը պատկերվել էր թիրախի`ՆԱՏՕ-ի թշնամի պաստառի վրա, իսկ սոցիալական կայքում ստեղծվել էր Էրդողանի կեղծ էջը, որտեղ ՆԱՏՕ-ի դեմ ուղղված գրառումներ էին տեղադրվում։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը միանգամից ներողություն է խնդրել` հայտարարելով, որ երկու միջադեպն էլ «մարդկային գործոնով էին պայմանավորված ու ՆԱՏՕ-ի պաշտոնական տեսակետը չեն արտացոլում»։ Ստոլտենբերգը նաև անձամբ է հեռախոսով ներողություն խնդրել Էրդողանից։

Նորվեգիայի պաշտպանության նախարար Բակկե-Ենսենն ասել է, որ երկու միջադեպի մեջ ներգրաված է զորավարժությունների համար վարձած զինծառայողը, որին միանգամից ազատել են գործից։ Թուրքական ԶԼՄ-ները հայտնել են, որ մեղավորը թուրքական ծագում ունեցող նորվեգացի է, որին միանգամից մեղադրել են Ֆեթուլլահ Գյուլենի աջակցությունը ստանալու համար։

Էրդողանի գլխավոր խորհրդական Յալչին Թոփչուն հայտնել է, որ Անկարան պետք է վերանայի իր հարաբերությունները Հյուսիսատլանտյան դաշինքի հետ։ Էրդողանն ասել է, որ այդ հարցը չի կարելի փակվել սովորական ներողությունով։

Կարելի է ենթադրել, բացի ներողությունից Էրդողանն ինչ է ակնկալում։ Կարելի է միայն գուշակել` ինչու է Գյուլենը, որը հասարակ մարդ է, անընդհատ Էրդողանին` իր թշնամում, այդպիսի լավություններ անում, կարևորը` հենց այն ժամանակ, երբ դա Թուրքիայի նախագահին այդքան հարկավոր է։ Մեկ հեղաշրջում է սկսում, մեկ ասես մանկապարտեզում «վատ տղաների» պատկերներ է կախում, որպեսզի դրանց վրա թքեն… Իսկ Էրդողանը խելացի է, նա ճիշտ է օգտագործում Գյուլենի այդ հնարքները։

Անկասկած Գյուլենն ինքն իր թշնամին չէ։ Սակայն Էրդողանն էլ, իր անկանխատեսելիությամբ ու երբեմն ոչ ադեկվատությամբ հանդերձ, նույնպես հիմար չէ ։ Էրդողանի տարօրինակ արարքները կարող են բացատրվել նրանով, որ նա ուրիշներից էլ է նույն տարօրինակություններն է ակնկալու` որպեսզի օգուտ քաղի այլոց իմպուլսիվ որոշումներից։ Իսկ երբ հասկանում է, որ իր ուզածին չի հասնում, որ քաղաքական գործիչները հավասարակշռված մարդիկ են, սկսում է ինքնուրույն բաներ հորինել ու իրագործել։

Հակառակ դեպքում, օրինակ, հնարավոր չէ բացատրել Ռուսաստանի հետ մտերմանալու ֆոնին Էրդողանի բացահայտորեն անտրամաբանական մեղադրանքները ԱՄՆ-ի հասցեին, որ նրանք համագործակցում են Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավոր կուսակցության հետ։ Չէ որ ԱՄՆ-ը, ի տարբերություն Ռուսաստանի, Քրդստանի աշխատավորական կուսակցությունը ահաբեկչական կազմակերպություն է համարում։ Տրամաբանություն չկա։

Ամենայն հավանականությամբ, Էրդողանը քաղաքականության մեջ շանտաժից բացի միջոցների չի տիրապետում։ Այն կարող է կարճատև օգուտ տալ, բայց բացառապես ներքին օգտագործման համար, իսկ որևէ լուրջ հեռանկարում այն գործում է հենց այդ զենքը կիրառողի դեմ։ Ինչում մենք ամեն անգամ համոզվում ենք։

Կարելի էր ասել` ինչ ուզում է` թող անի, կխաղա ու կհոգնի։ Բայց Թուրքիան, որին ՆԱՏՕ-ն ի վնաս իրեն մինչ ատամները զինել է, չափազանց լուրջ գործոն է, ու այդ երկրի ներքաղաքական աղետը կարող է լուրջ հետևանքներ ունենալ հսկա, առանց Թուրքիայի էլ պայթյունավտանգ տարածաշրջանի համար։

 

Գլխավոր թեմաներ