04:54 21 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.70
  • GBP622.16
  • EUR553.96
  • RUB7.38
Նարեկացու արձանի բացումը Վատիկանում

Ոչ միայն լավ առիթ, կամ ինչ է թաքնված Սարգսյանի վատիկանյան վերջին այցի հետևում

© Photo / official site of the President of RA
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
24730

Բոլորովին վերջերս տեղի ունեցավ հայկական պատվիրակության` քաղաքական գործիչների և բարձրագույն հոգևորականների այցը Վատիկան։ Տարածաշրջանային գործընթացները հաշվի առնելով` այդ պատվիրակության կազմը կարելի է նշանակալի համարել, հետևաբար շատ կարևոր հարցեր են քննարկվել։

Ռուբեն Գյուլմիսարյան, Sputnik Արմենիա

Ավելի բարձր մակարդակով պատվիրակություն նույնիսկ լինել չի կարող. նախագահ Սերժ Սարգսյան, կաթողիկոս Գարեգին II, Կիլիկիո կաթողիկոս Արամ I, Հայ Կաթողիկե եկեղեցու պատրիարք Գրիգոր Բեդրոս ХХ… Պարզ է, որ Տիեզերական ուսուցիչ հռչակված Գրիգոր Նարեկացու արձանի բացումը պարզապես առիթ էր այցի համար։ Գեղեցիկ, սակայն ձևական առիթ։

Եվ քանի որ Վատիկան մեկնեցին քաղաքական գործիչներն ու եկեղեցականները, ապա նպատակներն էլ ակնհայտորեն երկու ուղղությամբ էին ընթանում։ Ինչ վերաբերում է առաջին կողմին, ապա Հայաստանի նախագահի համար Վատիկան այցելելը նախագահական հանրապետության ղեկավարի պաշտոնը լքելու և հավանաբար խորհրդարանական հանրապետությունում նույն պաշտոնի զբաղեցման նախաշեմին ոչ միայն վառ խորհրդանիշ դարձավ, այլև պրակտիկ օգուտ բերեց։

Հաշվի առնելով այն, որ սա Սարգսյանի և Հռոմի պապի հինգերորդ հանդիպումն էր, կարելի է խոսել նրանց միջև հաստատված վստահելի հարաբերությունների մասին։ Բնականաբար, Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում եղել ու մնում է արցախյան հակամարտությունը, և այդ մասին նախագահը խոսել է Սուրբ աթոռի պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինի հետ։

Նախագահի մամուլի ծառայությունը սովորական հաղորդագրություն է տարածել, որում գրված էր՝ նախագահն ու կարդինալը «քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման և զարգացման հետագա քայլերը, մտքեր փոխանակել տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ: Նախագահ Սերժ Սարգսյանը Սուրբ Աթոռի պետական քարտուղարին ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները: Զրուցակիցները երկուստեք կարևորել են ԼՂ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը»։

Իհարկե, տարօրինակ կլիներ լսել որևէ մեկից, առավել ևս Սուրբ Աթոռից, «բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությանը» հակառակ որևէ բան։ Սակայն այստեղ մի փոքր մանրուք կա, հատկապես, Ադրբեջանի կողմից վերջերս արված, մեղմ ասած, անառողջ հայտարարությունների ֆոնին։ Բանն այն է, որ Ադրբեջանն իր բարձրաստիճան պաշտոնյաների հետ Պապի միակ հանդիպման համար մեծ գումարներ է ծախսում, իսկ այստեղ` արդեն հինգերորդ հանդիպումն է տեղի ունենում։ Բացի այդ, Նարեկացու արձանն են բացում։

Սակայն, բացի  հակառակորդի դարպասին հասցրած խորհրդանշական «գոլից», կարևոր էր հերթական անգամ ստանալ Վատիկանի հավաստիացումն առ այն, որ խնդրի խաղաղ լուծման համար ճիշտ ուղղություն է վերցված. Վատիկանի ձայնը ոչ հաճախ, սակայն երբեմն և որոշակի շրջաններում ավելի բարձր է հնչում, քան գերտերությունների կոչերը։ Գեղեցիկ և, որ ավելի կարևոր է, արդյունավետ կապերը Վատիկանի հետ թանկ արժեն։

Ինչ վերաբերում է հոգևորականության հանդիպումներին, ապա այստեղ, իհարկե, կարևոր էին Պապի բանակցությունները Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ I–ի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել որոշ տարածաշրջանային հարցերի, հույս են հայտնել, որ հակամարտությունները լուծում կստանան։ Իսկ դա նշանակում է, որ քննարկվել է քրիստոնյաների վիճակը Մերձավոր Արևելքում, Սիրիայում, որտեղ մեծ թափով ընթանում էր և այժմ էլ շարունակվում է նրանց ֆիզիկական ոչնչացումը` անկախ դավանանքից։

Կիլիկիո կաթողիկոսը, երախտագիտություն հայտնելով Պապին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում սկզբունքայնություն դրսևորելու համար, կոչ արեց երկու եկեղեցիների ներկայացուցիչներին ավելի քիչ քննարկել պատմական և աստվածաբանական հարցերը` կենտրոնանալով արդիական խնդիրների վրա։

Բացի այդ, այս այցը նշանակում է, որ Հայաստանը շարունակում է զարգացնել իր հարաբերությունները տարբեր ուղղություններով։ Եվ եթե ԵՄ–ի հետ համաձայնագրի ստորագրումից հետո սկսեցին ոչ բարեկամական, իսկ երբեմն էլ սպառնալիքներով միախառնված սադրիչ կոչեր հնչել, թե Հայաստանն իբր «արևմտամետ ուղղություն» է ընտրել, ապա այժմ այդ մասին խոսելը բազմակի անգամ ավելի դժվար կլինի։ Եթե ընդհանրապես հնարավոր լինի։

Թեև նրանց համար, ովքեր նպատակ ունեն զրպարտելու Հայաստանին, երկրի քաղաքական գործիչներին, իշխանությանը և ընդհանրապես այն ամենը, ինչ կապված է Հայաստանի հետ, ոչ արգելված թեմաներ կան, ոչ բանականության ձայն կամ խիղճ։ Չի բացառվում, որ վաղը կամ մյուս օրը պակիստանցի ինչ-որ մուեդզինի ճիչ լսենք, որի մոտ ապշերոնի ընծաներով սուրհանդակներ են գնացել։

Ըստ թեմայի

Նարեկացին հասանելի կդառնա երիտասարդներին
Հռոմի պապը հիշում է Հայոց ցեղասպանությունը. Վատիկանը բացառիկ նամականիշներ է թողարկել
Գյումրիում Հռոմի պապը շրջել է պապոմոբիլով և օրհնել քրիստոնյաներին
Հռոմի պապը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Գլխավոր թեմաներ