19:46 26 ապրիլի 2018
Ուղիղ եթեր
Օլիմպիական օղակներ

Տոկիոյի օլիմպիադայում Հայաստանի ծանրորդների թիվը կարող է սահմանափակվել. IWF–ի նոր կանոնը

© Sputnik / Рамиль Ситдиков
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Խաչիկ Չախոյան
6910

2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերում ծանրամարտի Հայաստանի հավաքականը կարող է ներկայացված լինել ընդամենը երկու ծանրորդով, եթե ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) մայիսին հաստատի քննարկման դրված հարցը։

Մայիսին արդեն պարզ կդառնա, թե Ծանրամարտի Հայաստանի հավաքականը քանի մարզիկով կներկայանա 2020թ.–ի օլիմպիադային։ Բանն այն է, որ եթե 2008–2018 թվականների ընթացքում որևէ երկիր խախտել է դոպիգային կանոնները մինչև 20 անգամ, ապա օլիմպիական խաղերին կարող է ներկայանալ ընդամենը երկու մարզիկով։ Իսկ եթե խախտումների թիվը անցնում է քսանից, այդ դեպքում միայն մեկ մարզիկ կարող է ներկայացնել երկիրը։

Պարզ է, որ Ծանրամարտի Հայաստանի հավաքականի ծանրորդները որոշ քաշային կարգերում հաղթողի հիմնական հավակնորդների ցանկում են։ Ռիոյի օլիմպիական խաղերում հայ ծանրամարտիկները` Սիմոն Մարտիրոսյանը և Գոռ Մինասյան, դարձան արծաթե մեդալակիրներ։ Իսկ հիմա էլ լրջորեն պատրաստվում են այդ արդյունքը Տոկիոյում բարելավելու համար։ Ու ամենակարևորն այն է, որ մեր այս տղաները, և ոչ միայն նրանք, իրոք, կարող են 2020 թվականին բարձր նվաճումների հասնել օլիմպիական մրցաշարում։

2017 թվականի սեպտեմբերին ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիան երեք ծանրորների կողմից դոպինգի օգտագործման համար որակազրկվեց մեկ տարով (բացի Հայաստանից որակազրկվեցին ևս ութ երկրների ֆեդերացիաներ)։ Սակայն պարզվում է, որ այդ պատիժը կարող է վերջնականը չլինել մեր թիմի համար։ IWF–ի դոպինգի դեմ պայքարի նոր կանոնակարգի համաձայն` հաշվի է առնվում ոչ միայն ազգային թիմի ներկայացուցիչների խախտումները, այլ նաև բոլոր տարիքային խմբերում թույլ տվածները։ Իսկ ընդհանուր առմամբ` 2008–ից մինչ այս պահը Հայաստանն ունի 19 դոպինգ խախտում։ Ու ստացվում է, որ մեր ֆեդերացիան կարող է նոր սահմանափակումների առաջ կանգնել։

2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցումները դեռ նոր են սկսվելու, բայց մեր հավաքականը կարող է փաստի առջև կանգնել։ Ընդհանրապես, յուրաքանչյուր երկիր` կախված վարկանիշային միավորներ վաստակելուց, կարող է օլիմպիական խաղերում ներկայանալ ութ ծանրորդով (չորս տղամարդ ու չորս կին)։ Անկասկած, տղամարդկանց մեր հավաքականը նման ներուժ ունի, ու կարող է չորս վարկանիշն էլ վաստակել։ Բայց, եթե հաստատվեց դոպինգ խախտումների վերը նշված սահմանափակումը, ապա մեր երկիրը Տոկիոյում կարող են ներկայացնել միայն երկու ծանրորդ։

Ու սա էլ վերջը չէ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ IWF–ը պարտադրում է հավասար ներկայացուցչություն տղամարդկանց և կանանց մրցումներում, ստացվում է, որ Հայաստանը օլիմպիական ապագա խաղերում կարող են ներկայացնել մեկ տղամարդ ու մեկ կին ծանրորդներ։ Այս դեպքում ծանրամարտի օլիմպիական հավաքականը կորուստներ կունենա մեդալների առումով։

Ստիպված ենք նորից օգտագործել «եթե» բառը, բայց պատկերացնենք` եթե մայիսին IWF–ը  ըստ նոր կանոնակարգի հաստատի իր որոշումը, ապա մեր ծանրամարտիկներից  ո՞վ կմեկնի Տոկիո։ Սիմոն Մարտիրոսյա՞նը, Գոռ Մինասյա՞նը, Անդրանիկ Կարապետյա՞նը։

Նշենք, որ այս պահի դրությամբ դեռ ոչ մի որոշում IWF–ի կողմից կայացված չէ։ Ընդ որում` եթե որոշումն ընդունվի, բացի Հայաստանի հավաքականից  սահմանափակումների առաջ կկանգնի նաև Ռուսաստանի հավաքականը, որի դոպինգ խախտումները նույնպես բավականին շատ են։

Ըստ թեմայի

«Խորամանկ հայ» Գալուստյանը պարծեցել է օլիմպիադայի ոսկե մեդալակիրներից ստացած նվերներով
Գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևա- Բաբասյանը մտադիր է նոր Օլիմպիադայի մասնակցել
Օլիմպիադայի հյուրերին սև պաղպաղակ են հյուրասիրում

Գլխավոր թեմաներ