01:37 27 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD486.15
  • GBP641.62
  • EUR550.13
  • RUB7.56
Աննա Հակոբյանը, Նիկոլ Փաշինյանն ու Դավիթ Սանասարյանը

Տուր մարդուն իշխանություն ու փող և... ճանաչիր նրան. փորձությունների գայթակղիչ ոլորանները

© Sputnik / Aram Nersesyan
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Արմեն Հակոբյան
44111

Իշխանություններն անխուսափելիորեն ունենում են թերություններ: Բայց իշխանության տված առավելությունը պետք է այդ թերությունները չեզոքացնելուն ուղղվի, այլ ոչ թե թերությունները ի ցույց դնողներին չեզոքացնելուն:

Այդպիսի խոսք կա. եթե ուզում ես ճանաչել մարդուն, նրա բուն բնույթը, տո՛ւր մարդուն իշխանություն և փող ու ճանաչիր նրան: Այս էմպիրիկ-ճանաչողական տարբերակը կիրառվել է ու կիրառելի է ցանկացած մարդու և ցանկացած իշխանության պարագայում: Հետևությունը, կարելի է ասել՝ արտածված ու խտացված է բազում դարերով, տարբեր ժողովուրդների և իշխանավորների ու իշխանությունների վրա կատարված «փորձերով»:

Մի ուրիշ խոսք էլ կա. անցնել հրի, ջրի և ծնծղաների փորձությունների միջով: Ռուսերեն տարբերակն ավելի հայտնի է. «Пройти огонь воду и медные трубы»: Թեպետ իմաստը պարզ է, բայց արժե թեթևակի հստակեցնել, որ խոսքի բուն վեկտորը տարբեր փորձություններ, դժվարություններ հաղթահարել կարողանալն է: Ըստ որում, վերջում, կարծես ամենից ծանր ու բարդ լինելն ընդգծելու համար, նշված է ծնծղաների, այս դեպքում՝ փառքի փորձությանը դիմակայելու, փառասիրական գայթակղությունները հաղթահարելու կարողունակությունը:

Սույն խոհափիլիսոփայական ելևէջներից աստիճանաբար վերադառնանք մեր կոնկրետ իրականություն:

Ամեն մարդ չէ, որ կարող է դիմակայել գայթակղություններին, մանավանդ, երբ ունի իշխանություն, երբ գրեթե չկա վերահսկողություն ու հակակշիռ: Առհասարակ, մարդը գայթակղվելու թուլություններ ունի: Ցանկացած մարդ: Ու ցանկացած իշխանություն բաղկացած է մարդկանցից: Դեռևս կիբօրգների (կիբեռնետիկական օրգանիզմների) իշխանության կամ արհեստական ինտելեկտով ծրագրավորված ռոբոտ-կառավարիչների դարաշրջանը բավականին հեռու է թվում, չնայած հոլիվուդյան կինոարտադրիչների ջանքերին: Պարզ ասած, բավական չէ միայն հայտարարել՝ «կոռուպցիա չկա», և այդ կոռուպցիան ինքնաբերաբար կվերանա: Եգիպտական հնագույն պապիրուսներում անգամ, ասում են, կոռուպցիոն վկայություններ կան, դե ժամանակակից ցանցային «պապիրուսների» վկայությունների մասին էլ գիտեք:
Ժամանակակիցների մասին:

Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) երկու աշխատակցի ձերբակալմանն առնչվող դեպքը ինչ-որ իմաստով «առաջին ծիծեռնակներից» մեկն ու վկայությունն է այն բանի, որ մարդկային էությունը, մարդկային գործոնը իրենն ասում է: Հաշվի առնելով այն, թե ինչ հեղափոխական էնտուզիազմ ու պաթետիկ միկրոմիջավայր էր հյուսվում այս կառույցի ղեկավար Դավիթ Սանասարյանի շուրջ նաև իր կողմից, կատարվածը կարելի է անգամ «առաջին հնդուհավ» համարել, այլ ոչ թե ծիծեռնակ: Բայց չշեղվենք:

Ինչպե՞ս իրենց դրսևորեցին իշխանական կառույցները, նույն ՊՎԾ-ն ու ԱԱԾ-ն, երբ տարբեր լրատվամիջոցներով տեղեկություններ տարածվեցին վերահսկողականի աշխատակիցների վերաբերյալ: Թվում էր, թե ի՞նչ մի առանձնահատուկ բան կա դրա մեջ՝ հերքեք կամ հաստատեք, եթե «կեղծ լուրեր» են, հաղորդեք անկե՛ղծ լուրերը: «Լայվի» գազը սպառվե՞ց: Թե՞ էլ իրողությունները փոխված չեն ու վերադարձել են իրենց տեղերն ու հանգիստ նստել:

Իշխանական կառույցները սկսեցին իրենց պահել այնպես, ինչպես... սովորաբար պահում էին նախորդները առաջներում: Բերանները միառժամանակ ջուր առան ու համերաշխորեն լռեցին: Եվ միայն ուշ երեկոյան տարածվեց ՊՎԾ պարզաբանումը, որն էլ ավելի շատ հարցեր հարուցեց: Հանրությունն իմացավ, որ ինչ-որ գործ կա հարուցված, որի շրջանակում Պետական վերահսկողական ծառայության 2 աշխատակցի ձերբակալել են: Ի՞նչ գործ, ինչի՞ վերաբերյալ, իսկապե՞ս կոռուպցիոն միջամտության ու հովանավորչության կասկածանքով կամ մեղադրանքով, ովքե՞ր են ձերբակալվածները, վերջապես:

Իսկ երբ շուրջբոլորը շատերը խոսում են դրա մասին, դատողություններ ու ենթադրություններ են անում, իսկ իշխանության ներկայացուցիչները կամ, ինչպես ասում են, պատկան մարմինները գրեթե մի ամբողջ օր լռում են, ապա կասկածները սկսում են ավելի ու ավելի խորանալ, ավելին՝ արտահայտվել ու արմատավորվել հանրային ընկալման մեջ առ այն, որ ինչ-որ բան այն չէ, որ ինչ-որ բան կոծկվում է:

Մի՞թե նորօրյա իշխանավորները դա չեն կռահում: Ինչպես կարող են չկռահել, եթե տարիներ, եթե ոչ՝ մեկուկես տասնամյակ շարունակ, երբ ընդդիմադիր էին, արմատական կամ անհաշտ ընդդիմություն, հեղափոխական էին, իրենք էին շտապում «խաղալ» այլ լարերի վրա, մեկնաբանություններ ու լուրեր տարածել, քննադատել ու կներեք՝ «քլնգել» նման ու աննման թեմաներով ու արտահայտություններով:

Այն, որ մարդիկ կամ առնվազն ոչ բոլոր մարդիկ կարող են դիմանալ իշխանության փորձությանը, նոր կարգավիճակում իրենց շրջապատած զանազան գայթակղություններին, կարծում ենք, որ շատ լավ հասկանում է նաև կառավարության ու խորհրդարանական մեծամասնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Թերևս դա է պատճառը, որ կոռուպցիան վերացած հայտարարելով հանդերձ` վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանակ առ ժամանակ վերադառնում է այդ խնդրին: Վերջին հաշվով, Նիկոլ Փաշինյանը հո հենց այնպես, զուտ պրոֆիլակտիկայի համա՞ր չէ պարբերաբար հայտարարում, որ ով էլ լինի չարաշահում թույլ տվողը, ինչ կարգի հեղափոխական կամ ազգական էլ լինի, չարաշահում թույլ տալու դեպքում ենթարկվելու է պատասխանատվության, չգիտեմ՝ «փռվելու է ասֆալտին» կամ «ծեփվելու է պատին»: Ուրեմն շարժառիթ կա, չէ՞, եթե նման հայտարարություններ են հնչում պետության ղեկավարի մակարդակով: Ի վերջո, ամիսներ առաջ հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանն էր ելույթներից մեկում խոսում հեղափոխությամբ իշխանության եկած, բայց նոր կարգավիճակում քարուքանդ եղած պաշտոնյաների մասին:

Դա՝ ֆինանսանյութականի պահով, թեպետ քարուքանդվել հնարավոր է ոչ միայն այդ փորձություն-գայթակղություններից, ավելի ճիշտ՝ դրանց չդիմանալուց:

Առհասարակ, ցանկացած իշխանություն անխուսափելիորեն ու մշտապես ունենում է և՛ թերություններ, և՛ սխալներ: Էականն այն է, որ գերազանցապե՛ս չունենա թերություններ ու սխալներ: Ավելին, նույնիսկ «եփված», փորձառու, արդյունավետ համարվող իշխանությունների գործունեությունը կարող է հարուցել դժգոհություններ, կարող է բախվել հասարակության առանձին շերտերի ու խմբերի ամենատարբեր բողոքներին ու դրանց դրսևորումներին: Կարևոր է, որ իշխանությունը նման դեպքերում նախ՝ տիրապետի իրավիճակին, երկրորդ՝ չկորցնի ինքնատիրապետումը:

Միաժամանակ, ցանկացած իշխանություն ու հատկապես բարձրաստիճան իշխանավորները պետք է քննադատական խոսքի իմունիտետ ունենան: Այն իմաստով, որ կարողանան հանգիստ, հավասարակշռված առնվազն լսել հնչող քննադատությունը, բողոքներն ու դժգոհությունները: Չենք ասում՝ ինչ լսում են, դա անեն, բայց առնվազն պետք է հղկեն իրենց մեջ լսել կարողանալու հատկությունը:

Իսկ ի՞նչ ենք առավելապես տեսնում իրականում: Տեսնում ենք այն, որ թեթևակի քննադատական խոսքը, էլ չենք ասում՝ բողոքի կամ դժգոհությունների անխուսափելի դրսևորումների մասին, գործող իշխանությունը սվիններով է ընդունում: Մեկ անգամ չէ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսպես ասեմ՝ բավականին մարտական կամ վիճաբանողի տոնայնությամբ է արձագանքել իր կամ կառավարության հասցեին հնչող քննադատությանը կամ անախորժ հարցադրումներին:

Իսկ դա լավ չէ:

Է՛լ ավելի վատ է այն, որ իշխանությունը կարծես խրախուսում է «արտահաստիքային քարոզիչների» հայհոյական, վիրավորական ու անեծքալուտանքային դրսևորումները, որ «ցայտեցնում» են անխտիր բոլորի ուղղությամբ ու վրա, ովքեր իշխանության կամ կառավարության թանին թթու կասեն կամ էշին՝ չո՛շ: Անգամ «հակահայկական լրատվամիջոցների» մի ցուցակ են կազմել ու ինքնագոհ ժամանակ առ ժամանակ պտտեցնում են սոցցանցերում, հասկանալի է, թե ի՛նչ «մեկնաբանություններով»: Իրենք, ասել է թե գերխտացված հայ են, իսկ կառավարության սրինգի տակ չպարողները հակահայկակա՞ն, դավաճան ու չգիտեմի՞նչ:

Իշխանական մի նկատելի լրատվամիջոցի խմբագրականում քարոզչական ու անգամ ներքին «սառը պատերազմի» մասին են խոսում: Ու իշխանության, պետության ղեկավարի կամ եթե նախագահին էլ նկատի ունենանք՝ ղեկավարների վերաբերմունք չկա: Ուրեմն իրենց սրտով է և իրենց ուզածն է, որ պիտակավորեն, վիրավորեն, ում պատահի դավաճան ու հակահեղափոխական «հանեն», ընդհանուր առմամբ՝ գեներացնեն ու բազմապատկեն չարություն և ատելություն, իրարուտոցի:

Շտապենք ասել, որ դրանից տնտեսական աճ, առավել ևս՝ թռիչքաձև աճեր սովորաբար չեն լինում: Այդպես կարելի է կորցնել ոչ միայն իշխանությունը, այլև հասարակությունը, չասած արդեն մնացյալի մասին: Իշխանությունների կամ իշխանավորների անհատական ճակատագիրը չէ, որ մտահոգում է, այլ նրանց ձախողման հնարավոր հետևանքների անցանկալի ուրվագծերը:

Իշխանությունները, այո, անխուսափելիորեն ունենում են թերություններ: Բայց իշխանության տված առավելությունը պետք է այդ թերությունները չեզոքացնելուն ուղղվի, այլ ոչ թե թերությունները ի ցույց դնողներին չեզոքացնելուն: Երկրորդ տարբերակը նախընտրելու դեպքում իշխանությունները հրապարակային դաշտում ու արտաքուստ արդեն չեն ունենում թերություններ, քանզի դրանք վերածվում են արատների: Մի մոռացեք՝ փորձությունների գայթակղիչ ոլորանները խիստ սայթաքուն են:

Դեռևս չեմ ուզում կարծել, թե գլխավոր ցանկությունը քարոզչապես անթերի, բայց խորապես արատավոր իշխանություն ունենալն էր:

Կա նաև «կախարդական փայտիկի» խնդիրը, բայց դա արդեն բարձրաձայն խորհրդածելու մեկ այլ առիթ ու նյութ է:

թեգերը:
Դավիթ Սանասարյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ