21:19 15 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.83
  • GBP634.16
  • EUR571.91
  • RUB6.61
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
118 0 0

Ավետիք Բուռնազյանը երազում էր բժշկի խաղաղ մասնագիտության մասին, և թվում էր, թե այդպես էլ կլինի։ Բայց ռազմաբժշկական ակադեմիան փոխեց երիտասարդ բժիշկի աշխատանքի ուղղվածությունը, իսկ պատերազմն արդեն իր վերջնական շտկումները մտցրեց։ Հետո ԽՍՀՄ «միջուկային վահանի» հարցն էր և ռադիացիոն անվտանգության ծառայությունը` երկրի պաշտպանության կարևորագույն բաղկացուցիչները։

Ավետիք Բուռնազյանը վաղ հասակում է որբացել, նրան, փաստորեն, ավագ քույրն է դաստիարակել։ Մտավորականների ընտանիք էր, կրթության հարցերին մեծ ուշադրություն էին հատկացնում, և Ավետիքը դեռ պատանի տարիքում որոշեց, որ բժիշկ է դառնալու։

Նա ծնվել է 1906 թվականի ապրիլի 20-ին Նոր Բայազետում (այժմ Գավառ), դպրոցն ավարտել է Երևանում և ընդունվել համալսարանի բժշկական ֆակուլտետ։

Аветик Бурназян
© Photo :
Ավետիք Բուռնազյան

Չորս տարի գերազանց սովորելը թույլ տվեց տեղափոխվել Լենինգրադ՝ ուսանելու ռազմաբժշկական ակադեմիայում: Այդ ուսումնական հաստատության առանձնահատկությունն իր դերն ունեցավ, որպեսզի բժիշկն աստիճանաբար սկսի հակվել դեպի ռազմական բժշկություն։

Բուռնազյանն աշխատել է և՛ որպես պրակտիկ բժիշկ, և՛ որպես տեսաբան նյարդաբանության ոլորտում։ Օրինակ` կողային սկլերոզի վերաբերյալ նրա ուսումնասիրությունը բարձր են գնահատել տարիքով և կոչումով բարձր գործընկերները և երիտասարդ մասնագետին մեծ ապագա են կանխատեսել։

Եթե 1930-ականների վերջերին դեռ միայն պատերազմի հոտ էր գալիս, ապա 1939-ին, երբ սկսվեց ֆիննական պատերազմը, պարզ դարձավ, որ դա ավելի մեծ ու սարսափելի բանի սկզբնակետն է միայն: Ֆիննական պատերազմի ժամանակ Բուռնազյանը ղեկավարում էր բանակներից մեկի սանիտարական ծառայությունը, իսկ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ գլխավորեց Կալինինյան ռազմաճակատի բժշկական ծառայությունը, այնուհետև նրան տեղափոխեցին Հեռավոր Արևելք։ Նրա ամբողջ մարտական ուղին նշանավորվեց բազմաթիվ շքանշաններով և մեդալներով: Ցանկը մեծ է. Սոցիալիստական աշխատանքի հերոս Ավետիք Բուռնազյանը միայն 9 անգամ Լենինի շքանշանով է պարգևատրվել:

Պատերազմից հետո Խորհրդային Միությունն ամբողջ թափով սկսեց ուսումնասիրությունները՝ միջուկային զենք ստեղծելու նպատակով, և 1947 թվականին առողջապահության նախարարությանը կից ստեղծվեց Երրորդ գլխավոր վարչությունը, որը պատասխանատու էր ռադիացիոն անվտանգության նորմերի և կանոնների մշակման ու միջուկային արդյունաբերության աշխատակիցների բուժսպասարկումը կազմակերպելու համար։ Բուռնազյանին էր հանձնարարված ղեկավարել այդ վարչությունը, որի կազմում էր նաև ռադիացիոն լաբորատորիան (դրա հենքի վրա հետո ձևավորվեց ԽՍՀՄ առողջապահության նախարարության կենսաֆիզիկայի ինստիտուտը)։

Երրորդ վարչությունը հատուկ կարգավիճակ ուներ` այսպես ասած, պետություն պետության մեջ։ Սկզբում նույնիսկ Կուրչատովի նման անվանի մարդիկ էին վատ պատկերացնում ռադիացիոն ճառագայթման վտանգներն ու հետևանքները։ Իսկ Բուռնազյանի նման տեսական գիտելիքներով զինվածները շատ ավելին գիտեին, բայց դա էլ բավարար չէր։

Իմացածը բավարար չէր, քանի դեռ Սեմիպալատինսկի մերձակայքում չէր իրականացվել խորհրդային միջուկային զենքի առաջին փորձարկումը։ Պայթյունից հետո դիտորդները նկատեցին խանձված թևերով տափաստանային արծիվներ. թռչունները չէին կարողանում օդ բարձրանալ, ինչը հասկանալի էր, սակայն շատ տարօրինակ էին տեղաշարժվում։ Տարակուսանքը ցրեց Բուռնազյանը, որը խախտելով մի պահ տևած քար լռությունը, ասաց` թռչունները կուրացել են ռումբի պայթյունի բռնկումից։ Եթե ոչ ամենը, բայց շատ բան այդ պահին պարզ դարձավ։ Գիտնականն այն ժամանակ չգիտեր, որ իր հայտնագործությունները, մշակումները պետք կգան արդեն իր մահից հետո՝ Չեռնոբիլի աղետի ժամանակ։

Սակայն դա հետագայում էր լինելու: Իսկ 50-ականներին ԽՍՀՄ-ում միջուկային ոլորտը համակարգում էր միջին մեքենաշինության նախարարությունը, և ի հայտ եկավ ընդհանուր մեքենաշինության նախարարությունը՝ հրթիռներ էին ստեղծում։ Այստեղ Բուռնազյանի և նրա Երրորդ վարչության անհրաժեշտությունը կրկին զգացին։

Աշխատանքը ծով էր. պետք էր ապահովել մարդկանց պաշտպանությունը հրթիռային հեղուկ և պինդ վառելիքի հետ շփման ժամանակ, մտածել հրթիռային տեխնիկայի գործարկման ժամանակ անվտանգության ապահովման մասին։ Հետո ավելի շատ անելիք կար. հսկայածավալ ուսումնասիրություններ իրականացվեցին տիեզերական նախագծերի մասնակիցների, ատոմային նավատորմի անձնակազմի` սառցահատների և սուզանավերի կենսաապահովման համակարգերի մշակման ընթացքում։

Կյանքի վերջին քառորդ դարը` 1956-ից մինչև 1981 թվականը, Ավետիք Բուռնազյանը ԽՍՀՄ առողջապահության նախարարի տեղակալ էր։ Թվում էր, թե ահա այն` խաղաղ աշխատանքը. բայց ուր էր թե... Դրանք տիեզերքի և ատոմի միջուկի գաղտնիքները բացահայտելու ուղղությամբ իսկական գիտական ճեղքման, առաջընթացի տարիներն էին: Այնպես որ անհրաժեշտ էր համակարգել տարբեր գաղտնի և անհավանական կարևոր նախագծեր։ Դեռ շատ ժամանակ կար, մինչ վրա կհասնեին երկրի փլուզման ու գիտության փաստացի լիկվիդացման տարիները:

Բժշկական ծառայության գեներալ-լեյտենանտ, անթիվ շքանշանների և մեդալների ասպետ Ավետիք Բուռնազյանն այդպես էլ ակադեմիկոս չդարձավ։ Ոչ այն պատճառով, որ նրան «ճնշում» էին, ամենևի՛ն: Նա աշխատում էր, գործով զբաղվում, և կոչումների ու տիտղոսների հետևից չէր ընկնում։

Նա բժշկության ոլորտում միայն երկու դիսերտացիա է գրել։ Թեև դրանք դիսերտացիաներ չէին, այլ ինքնուրույն գիտական ուսումնասիրություններ։ Իսկ շքանշաններն ու բարձր զինվորական կոչումները պետության գնահատականն էին, չէ՞ որ ինքը դրանք չէր խնդրում։

Ըստ թեմայի

Ամերիկահայ բժիշկ Արմենյանի թիմը քաղցկեղը հաղթահարած մարդկանց համար սարք է մշակել․ բացառիկ
Գեորգի Վիցինի դասը՝ մեզ օրինակ, իսկ Երևանին բժիշկ է պետք, ու նրա անունն էական չէ
«Ներկա մի եղեք ձեր կնոջ ծննդաբերությանը». բժիշկ Հակոբյանի 17 հազար փոքրիկները

Գլխավոր թեմաներ