03:27 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Զուրեն Բիրկեն  Երևանում

Գերմանացի Զուրեն Բիրկեն սիրահարվեց դուդուկին, եկավ Հայաստան և դարձավ Սուրիկ Դուդուկյան

© Photo : provided by Soeren Birke
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
79140

Գերմանացի Սուրոն սիրահարվել է դուդուկին, արդեն 8 անգամ եղել Հայաստանում, երազում է տեսնել Արցախն ու Բեռլինում կազմակերպել հայկական երաժշտության փառատոն:

Զուրեն Բիրկեն ծնվել է Գերմանիայի Շտրալզունդ քաղաքում, մեծացել՝ գերմանալեհական սահմանին մոտ՝ Բեռլինից մի հարյուր կմ հեռու: Գերմանիայում շատ տարածված է, որ երեխաները որևէ արհեստ սովորեն, այդպես Զուրենը սովորեց փականագործություն, այնուհետև բարձրագույն կրթությունը ստացավ արվեստի և թատրոնի ուղղվածությամբ: Հիմա մշակութային տան մենեջեր և գործադիր տնօրեն է ու, ինչքան հնարավոր է հաճախ, փորձում է երաժշտությամբ զբաղվել՝ դուդուկ նվագել։

Зурен Бирке и Дживан Гаспарян
© Photo : provided by Soeren Birke
Զուրեն Բիրկեն Ջիվան Գասպարյանի հետ

Դուդուկի հանդեպ Զուրենի՝ բառերով չնկարագրվող սերը ծնվեց 2000թ.-ին, երբ Բեռլինում մեծ էկրանին դիտեց «Գլադիատոր» ֆիլմը:

«Մի հատված կա, որ Ջիվան Գասպարյանը դուդուկով Հանս Զիմերի երաժշտությունն է նվագում, իհարկե այս մանրամասները հետո իմացա, բայց այդ շատ կարճ կտորը «կպավ» սրտիս, հասավ հոգուս խորքը։ Դա շատ կարճ կտոր էր, բայց այնքան էր երաժշտությունն ինձ պարուրել, որ այն ինձ երկար թվաց»,- պատմում է Զուրենը։

Зурен Бирке у церкви Гегард
© Photo : provided by Soeren Birke
Զուրեն Բիրկեն Գեղարդում

Խոստովանում է, որ իրեն միշտ հետաքրքրել են փողային գործիքները, այն, թե ինչպես են օդում առաջացող տատանումները երաժշտություն ստեղծում: Զուրենը փոքրուց շրթհարմոն և տարբեր գործիքներ է նվագել ու միշտ փորձել ոչ թե պարզապես նվագել, այլ կարողանալ այդ երաժշտության մեջ «խորություն ստեղծել»: Հենց այդ պատճառով էր, որ դուդուկի երաժշտությունն իրեն այդպես դուր եկավ, ինչպես ինքն է ասում՝ «լավ առումով՝ հարվածեց իրեն, կյանքը փոխեց»:

2000-ականների սկզբին համացանցը այդքան տարածված չէր, ինֆորմացիան, ինչպես այսօր է, անսահման չէր, երբ մտքովդ անցածը կարող ես գտնել՝ որոնման դաշտում ընդամենը 1 բառ գրելով: Զուրենը երկար ժամանակ որևէ տեղեկատվություն դուդուկի մասին գտնել չկարողացավ: 2001թ.-ին Աթենքում երաժշտական խանութում մի դուդուկ գտավ, գնեց, ոգևորված բերեց հյուրանոցի համար, որ վերջապես փորձի կախարդական այդ գործիքը, սակայն դուդուկն այնքան անորակ էր, որ հենց հյուրանոցում կոտրվեց: Զուրենն էլի մնաց առանց դուդուկի մինչև 2005թ.-ը, երբ պատահաբար փողոցում հանդիպեց իր համադասարանցուն, որը զրույցի ընթացքում ասաց, թե հայի հետ է ամուսնացել:

«Ես միանգամից հարցրի դուդուկի մասին։ Նա էլ ինձ հրավիրեց իրենց տուն՝ ասելով, որ ամուսինը՝ Ռոբերտը, կօգնի ինձ։ Ռոբերտն էլ ինձ ծանոթացրեց Ռուզաննայի հետ (վերջինս Զուրենի ստեղծագոծական կյանքում շատ մեծ դեր ունեցավ), որի տանն առաջին անգամ Կոմիտաս լսեցի ու հենց այդ պահին որոշեցի, որ պետք է գամ Հայաստան»,- հիշում է Զուրենը։

Зурен Бирке на концерте
© Photo : provided by Soeren Birke
Զուրեն Բիրկե

Հանդիպումից մեկ տարի անց՝ 2006թ.-ին, առաջին անգամ նա եկավ Հայաստան և վերջապես գնեց իր առաջին դուդուկը:

«Ես շատ երկար ճանապարհ անցա՝ 2000-2006թթ., մինչև հասա ուզածիս»։

Դուդուկով վերադարձավ Բեռլին ու սկսեց ինքնուրույն պարապել: Զուրենի կյանքը բոլորովին նոր ուղղություն էր ստացել՝ հյուսվելով դուդուկի երաժշտության շուրջ: 2009թ.-ին նա Բեռլինում կազմակերպեց Ջիվան Գասպարյանի և Գևորգ Դաբաղյանի համերգը, վերջիններս նաև դուդուկ նվագելու «վորքշոփեր» անցկացրին։

Հիմա դուդուկը յուրօրինակ կամուրջ է ստեղծել Հայաստանի և Գերմանիայի միջև: Զուրենը դուդոկով հաճախ «sold out» համերգներ է ունենում, և նրա երաժշտությունը միշտ շատ խոր տպավորություն է թողնում մարդկանց վրա: Համերգից հետո ներկաներից շատերը մոտենում են և հարցնում, թե դա ինչ գործիք է.

«Ես սկսում եմ պատմել Հայաստանի մասին, և միշտ նրանց հրավիրում եմ Հայաստան։ Սա առաջին գործիքն է, որ ինձ մոտ տպավորություն է՝ ոչ թե ես եմ դուդուկ նվագում, այլ՝ դուդուկն ինձ: Դա հրաշալի ապրում է»,-անկեղծանում է Զուրենը։

Վստահ է, որ երբ դուդուկով լրջորեն ես զբաղվում, ավելին ես ստանում, քան պարզապես երաժշտությունը։

«Երբեմն ինքս ինձ հարցնում եմ, թե ինչպես փայտի կտորից կարող է նման հնչողություն դուրս գալ, սա ինքն իրենով հրաշք է». Զուրենը չի կարողանում դուդուկի ու դրա ստեղծած երաժշտության մասին խոսել առանց հիացմունքի, ոչ էմոցիոնալ: Դուդուկը նրան տվել է բազմաթիվ նոր ու հետաքրքիր նախագծեր, նոր գաղափարներ: Իսկ վերջերս Բեռլինում Ռուզաննայի հետ (այն կնոջ, որի հետ հանդիպումը ճակատագրական դարձավ Զուրենի համար, որովհետև նրա շնորհիվ ինքը Հայաստանը գտավ) նաև Սայաթ-Նովային նվիրված միջոցառում էին կազմակերպել, որի ընթացքում գերմանացի մի պոետ թարգմանաբար ներկայացրեց Սայաթ-Նովայի ստեղծագործություններից մեկը, հաջորդ միջոցառումը Կոմիտասի մասին է լինելու:

«Հայաստանը լքելը խենթություն է»․ ինչպես Օքսանան տեղափոխվեց Երևան ու օրինակ ծառայեց հայերին

Հիմնադրել են նաև «Բեռլին-Երևան» երաժշտական նախագիծը, որի շրջանակներում պարբերաբար նաև համերգներ են ունենում Հայաստանում, վերջին համերգն օրեր առաջ էր: Հիմա Զուրենը և ընկերները ֆիլմ են նկարահանում դուդուկի մասին, փորձում բացահայտել, թե ինչու է դուդուկը հենց Հայաստանում ծնվել, ինչու է այն այդքան պատմում հայերի պատմությունը։ Ասում է, որ բացահայտումների ճանապարհին պետք է խորանալ ամբողջ տարածաշրջանի պատմության մեջ, ուսումնասիրել հայոց պատմությունը՝ հասկանալու համար, թե որտեղից է դուդուկի ձայնի այդ խորությունը և ինչպես է դուդուկի հնչյունների մեջ լսվում հայերի ճակատագիրը:

«Դուդուկը բացեց մեծ դուռ դեպի հայերի հոգին հասկանալը։ Երբ ես առաջին անգամ եկա Հայաստան, հասկացա, որ սա ինձ համար գտնված երկրորդ հայրենիք է, այս մշակույթը, երկիրն ավելի շատ բան ունեն ինձ փոխանցելու, քան եթե Եվրոպայում ինչ-որ հետաքրքիր տեղ գնամ: Ես դրա համար դուդուկին եմ շնորհակալ»,- ասում է և ավելացնում, որ շատ է այդ մասին խոսել նաև Ջիվանի Գասպարյանի և Գևորգ Դաբաղյանի հետ, նրանք էլ են շեշտել Զուրենի զգացածը՝ դուդուկի կապը երկրի և տիեզերքի հետ:

«Հայերը շատ յուրահատուկ ապրելաձև ու կյանքի փիլիսոփայություն ունեն, բացսիրտ են, բայց նաև դիմակայելու, պայքարելու ուժ ունեն, իմաստուն են. այդ ամենն ինձ դուդուկն է պատմել։ Ինձ համար դուդուկ նվագելը շատ մեծ նվեր է կյանքից»:

Զուրենին Գևորգ Դաբաղյանը հայկական անուն է տվել Սուրիկ Դուդուկյան, Հայաստանում նրան բոլորը դիմում են Սուրո կամ Սուրեն, հայերի հետ ծանոթանալիս այդպես էլ ներկայանում է՝ Սուրո:

Զուրենը հասկանում է, որ օտար երկրում դուդուկ նվագելը նշանակում է նաև հայկական երաժշտության ու Հայաստանի դեսպանը լինել, ինչն իր համար պատասխանատվություն և պարտականություն է:

Նոբելյանի հերթական սկանդալը. ինչպես հայ գիտնականի նորարարությունը վերագրվեց ուրիշներին

Զուրենն արդեն հասցրել է 8 անգամ լինել Հայաստանում: Ասում է, որ երբ «Գլադիատոր» ֆիլմում լսեց դուդուկի հնչյունները, գիտեր, որ աշխարհում Հայաստան անունով մի երկիր կա, այնպես, ինչպես գիտի, որ Ճապոնիա գոյություն ունի, Արամ Խաչատրյանի մասին լսել է, բայց դրանից ավելին չգիտեր, Հայաստանն էլ շատ հեռու էր թվում, հիմա այնքան մոտ է դարձել, որ թվում է, թե «ուիքենդ տուրի» կարելի է գնալ:

Зурен Бирке и Дживан Гаспарян
© Photo : provided by Soeren Birke
Զուրեն Բիրկեն Ջիվան Գասպարյանի հետ

Երբ դուդուկի մասին ֆիլմ պատրաստ լինի, ընկերների հետ գալու է Հայաստան, բնականաբար, ֆիլմի պրեմիերան այստեղ է լինելու: Հաջորդ այցելությանը շատ է ուզում Արցախը տեսնել: Արցախը տեսնելուց բացի իր ամենամեծ երազանքներից մեկը Բեռլինում հայկական երաժշտության փառատոն կազմակերպելն է. գիտի, որ հեշտ չի լինելու, բայց հեշտ չէր նաև բացահայտել դուդուկի երաժշտությունը, դրա շնորհիվ գտնել երկրորդ հայրենիք:

Ըստ թեմայի

Սթրեսը հաղթահարելու դեղամիջոց կամ ինչպես Մոսկվայում նշեցին դուդուկի հոբելյանը
Ռոբերտը երգեց դուդուկի տակ ու անչափ հուզեց «Ձայնը. երեխաներ» շոուի հանդիսատեսին. տեսանյութ
Արամ Խաչատրյան. ստալինյան չորս մրցանակ ստացած բեռնակիրը
Աշխարհահռչակ հայ ակադեմիկոսի համեստ կյանքն ու կենցաղը. կնոջ մահից հետո վերքը չի սպիանում
թեգերը:
երաժշտություն, երաժիշտ, Գերմանիա, Հայաստան

Գլխավոր թեմաներ