13:20 16 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.53
  • GBP712.78
  • EUR634.35
  • RUB7.13
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
53611

Ղարաբաղյան հակամարտության գոտում տեղի ունեցած ոչ բարենպաստ իրադարձությունների ֆոնին Արցախի կարգավիճակի որոշման հարցը կրկին արդիական է դարձել։

Դեռ 2016 թվականի ապրիլի 2-ին, հակամարտության գոտում մարտական գործողությունների սկսելուց երկու ժամ անց Հայաստանի` այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ պաշտոնական Երևանը կարող է ճանաչել Արցախը։ Սակայն դա տեղի չունեցավ։

2020 թվականի օգոստոսի կեսին Սարգսյանն իր որոշումը պարզաբանեց` դա կարող էր խանգարել հայկական կողմի դիվանագիտական ջանքերին, և ավելացրեց, որ եթե մարտերը Ղարաբաղում ավելի երկար տևեին, Հայաստանի Հանրապետությունը կճանաչեր Արցախի անկախությունը։ Ավելին՝ նախկին նախագահը վստահություն հայտնեց, որ լայնածավալ պատերազմի դեպքում Հայաստանը պարտավոր է ճանաչել Արցախը։

Այս անգամ մարտական գործողությունները 44 օր տևեցին Արցախում։ Դաժան մարտեր ընթացան շփման գծի ամբողջ երկայնքով։ Արցախի պաշտպանության բանակը դիմադրեց ոչ միայն ադրբեջանական զորքերին, այլև գրոհայիններին ու Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության ջոկատներին։ Փոքր Արցախի համար դժվար է ավելի լայնածավալ պատերազմ պատկերացնել։ Սակայն այս անգամ էլ Հայաստանի Հանրապետությունը չճանաչեց Արցախի անկախությունը։

Ինչի՞ց էր վախենում Հայաստանը

1994 թվականին մարտական գործողություններում հաղթելուց հետո ու հրադադարի մասին բիշքեկյան արձանագրությունից հետո Արցախի ճանաչման հարցը բազմաթիվ անգամ է դրվել Հայաստանի իշխանության առջև։ Բոլոր կշտամբանքներին Հայաստանի ղեկավարությունը նույն պատասխանն էր տալիս` ՀՀ կողմից Արցախի ճանաչումն այս պահին ոչ նպատակահարմար է, քանի որ նման քայլի դեպքում համաշխարհային հանրությունը մեզ օկուպանտ երկիր կհամարի, պատժամիջոցներ կկիրառի, ու դա բացասաբար կազդի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում տարվող բանակցությունների վրա։

Կարծում եմ՝ այս անգամ էլ Հայաստանի իշխանությունը զգուշացավ իրենց տեսանկյունից անխուսափելի ու բացասական հետևանքների պատճառով։

Չմոռանանք, որ բանակցային գործընթացի տարիների ընթացքում մշակվել է կարգավորման երեք հիմնական բաղադրիչ՝ տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշման իրավունք և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում։ Արցախի վրա հարձակվելով՝ Ադրբեջանը խախտեց երրորդ սկզբունքը։ Բաքուն 2016 թվականին էլ այդ քայլին դիմեց։ Առանց վարանելու նույնն արեց նաև 2020 թվականին։ Ավելին՝ այս անգամ Բաքուն լայնածավալ մարտական գործողություններում ներգրավեց նաև հազարավոր սիրիացի գրոհայիններին․ այդ փաստն ընդունեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները։

Ադրբեջանի կոպիտ խախտումները Արցախի անկախությունը ճանաչելու հնարավորություն տվեցին Հայաստանին` որպես Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորի։

Ի՞նչ կտար դա

Հաճախ կարծիքներ են հնչում, որ Հայաստանի կողմից ճանաչումը գլոբալ առումով ոչինչ չէր տա, քանի որ դա դեռ չէր նշանակի, թե մյուս պետություններն էլ մեխանիկորեն կճանաչեն Արցախի անկախությունը։

Եթե խոսենք հակամարտության ներկայիս «թեժ փուլի» մասին, պարզ է մի բան` Հայաստանի Հանրապետության նման քայլը թույլ կտար բացահայտ պատերազմի մեջ մտնել Ադրբեջանի հետ ու ամբողջ ուժով Արցախը պաշտպանել արտաքին ագրեսիայից։ Դա կնշանակեր ոչ միայն զորքեր մտցնել հակամարտության գոտի, այլև երկրորդ ճակատ բացել Ադրբեջանի հետ սահմանին։ Իսկ բուն Հայաստանի Հանրապետության վրա հարձակման դեպքում կարելի էր համարձակ խնդրել ու ռազմական օգնություն ակնկալել դաշնակից երկրներից։ Այդ դեպքում շատ հավանական է՝ մեզ հաջողվեր բեկել իրավիճակն ու պահպանել տարածքները։

Արցախ գնացող կամավորականների մոտ ելույթ ունենալիս՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց՝ արդյոք Հայաստանը դաշնակիցներ ու ընկերներ ունի՞։ Ինքն էլ պատասխանեց` այո, ու դաշնակիցները Հայաստանին կընդունեն ինչպես հաղթանակի, այնպես էլ պարտության դեպքում։

Եթե այդպես է, ապա ինչու Հայաստանն իր քայլերով չի «դրդում», որ դաշնակիցներն աջակցության ավելի ակտիվ միջոցներ ձեռնարկեն։ Ինչու է Հայաստանն անընդհատ սպասում դաշնակիցների առաջին քայլին։

94 թվականից ի վեր մենք անընդհատ պատասխանում ենք Ադրբեջանի նախաձեռնություններին․ դա տեղի է ունենում ինչպես մարտի դաշտում, այնպես էլ դիվանագիտական ասպարեզում։ Ժամանակը չէ՞, որ ինքներս ավելի համառ դառնանք, այդ թվում նաև դիվանագիտական ճակատում։

Ի՞նչ արդյունք ունենք

Արցախը չճանաչելով`Հայաստանի Հանրապետությունը «ապահովագրեց» իրեն ու ընդհանուր առմամբ սխալ հաշվարկ արեց։ Հայաստանն Ադրբեջանին ցույց տվեց, որ իր բոլոր սպառնալիքները գործնականում փուչ էին։ Հայաստանը չկարողացավ պատշաճ մակարդակով կազմակերպել Արցախի ժողովրդի պաշտպանությունը։ Դրա վկայությունն է հանրապետության մոբիլիզացված բնակչության տոկոսը (ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի տվյալներով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ զորահավաք չի կատարվել, պատերազմի 5-րդ օրը Արցախում 78, իսկ Հայաստանում 52 տոկոսով է լրահամալրումն իրականացրել)։ ՀՀ-ն փաստացի կորցրել է Արցախի անվտանգության երաշխավորի կարգավիճակը, ինչի մասին են վկայում Արցախի իշխանության հրապարակային հայտարարությունները․ նրանք արդեն հույսը չեն դնում Երևանի վրա։ Տարածքները կորցնելու ու եռակողմ հայտարարության հետևանքների մասին լռում ենք․ մեկնաբանություններն ավելորդ են։

Արցախի կարգավիճակի որոշման հեռանկարները

Արդեն մեծ հարց է` այսօր Հայաստանը պիտի՞ ճանաչի Արցախի անկախությունը, թե ոչ։ Անհասկանալի է նաև՝ ինչ սահմաններով պիտի ճանաչի։ Այս դեպքում էլ է հայերի հայացքը նորից ուղղվում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին։ Ֆրանսիան վստահեցրել է, որ ղարաբաղյան հակամարտության արդար լուծման է հասնելու Ղարաբաղի կարգավիճակի ճանաչմամբ, և Սենատն արդեն ընդունեց Արցախի անկախությունը։ 

Ինչպես կվարվի ԱՄՆ-ն, դեռ հայտնի չէ, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոր վարչակազմը կձևավորվի միայն եկող տարվա հունվարին։

Արդեն պարզ է, որ Արցախի կարգավիճակի հարցն արագ չի լուծվի։ Իսկ քանի դեռ այդ հարցը լուծված չէ, հակամարտությունը չի կարելի կարգավորված համարել։

Հայաստանը պետք է իր դիվանագիտական ողջ ներուժն ու սփյուռքի կարողություններն օգտագործի Արցախի անկախության միջազգային ճանաչման համար (Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման օրինակով մենք ցույց տվեցինք, որ կարող ենք անել)։ Սփյուռքահայերի «Ես ճանաչում եմ Արցախը» կարգախոսով ակցիաները պետք է հզոր շարժման սկիզբ դառնան։

Միայն Արցախի ճանաչումից հետո հայ ժողովուրդը կկարողանա հակամարտության պատմության վերջակետը դնել։ Իսկ հիմա միայն բազմակետեր են․․․

Ըստ թեմայի

Կրեմլում չեն մեկնաբանել Էրդողանի նոր հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ
Ի՞նչն է գերակա ղարաբաղյան խնդրի լուծման հարցում` ըստ Գերմանիայի
Արցախի նախագահն այցելել է Մոսկվա, ապա Երևանում հանդիպել իշխող ուժի պատգամավորների հետ
Էրդողանն ուզում է Արցախի շրջանները բնակեցնել սիրիացի գրոհայիններով. Սեմյոն Պեգով
թեգերը:
անկախություն, Հայաստան, Ադրբեջան, Արցախ

Գլխավոր թեմաներ