02:11 11 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.37
  • GBP735.97
  • EUR635.31
  • RUB7.06
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
153 0 0

Հայաստանն ամեն ինչ անում է աշխարհում հայկական գինիների ճանաչելիությունը բարձրացնելու համար։ Հայ գինեգործների առջև մեկ խնդիր է դրված` ապացուցել աշխարհին, որ մեր արտադրանքը կարող է լինել բարձրակարգ, պահանջված ու մրցունակ։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի - Sputnik. Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվել են աշխատանքային խումբ ստեղծել հայկական տեղական «Կախեթ» տեսակի գինու մակնշման խնդիրը լուծելու համար: ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ վերջնական որոշումը կկայացվի մայիսին վրացական պատվիրակության երևանյան այցի ընթացքում:

Заместитель министра экономики Арман Ходжоян
© Sputnik / Asatur Yesayants
Արման Խոջոյան

Ապրիլի 5-7-ը ՀՀ պատվիրակությունը` էկոնոմիկայի նախարարի տեղակալի գլխավորությամբ, պաշտոնական այցով գտնվում էր Վրաստանում: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի տարբեր հարցեր, այդ թվում՝ 2020թ․-ի դեկտեմբերին և 2021թ․-ի հունվարին ծագած, հայկական մի շարք գինիների անվանումների հետ կապված խնդիրները:

Հայկական մի շարք ընկերություններ, որոնք զբաղվում էին գինու արտադրությամբ և երրորդ երկրներ արտահանումով, այս տարվա ձմռանը բախվել էին իրենց արտադրանքը Վրաստանի տարածքով մատակարարելու խնդրին։ Հայկական գինով լի կոնտեյներները մնացել էին հարևան երկրի մաքսային անցակետի տարածքում, և բիզնեսը վնասներ էր կրել։ Վրացական կողմն այն ժամանակ այդպես էլ չպարզաբանեց, թե ինչն էր արտակարգ իրավիճակի պատճառը: Հայաստանում ենթադրեցին, որ պատճառը «կախեթ» խաղողի տեղական տեսակի անվանումն է, և պարզվեց, որ ճիշտ են կռահել։

Խոջոյանը պարզաբանեց` պատվիրակությունը մեկնել էր Վրաստան՝ քննարկելու մի քանի հարցեր։

«Հայկական գինիները շատ հաճախ դժվարություններ են ունենում Վրաստանի տարածքով անցնելիս։ Խոսքն այն խաղողի սորտերից պատրաստված գինիների մասին է, որոնց անվանումները կա՛մ վրացերեն հնչողություն ունեն, կա՛մ պատահականորեն ենթադրվում է, որ վրացական սորտ են։ Սակայն այդ սորտերը Հայաստանում էլ են աճում, և հայ արտադրողներն այդ սորտերից գինի են պատրաստում», - ասաց Խոջոյանը։

Ընդ որում` Հայաստանում արդեն երկար տարիներ տարեկան մոտ 2,5 մլն լիտր գինի են պատրաստում հենց խաղողի այդ տեսակներից` «ռկացիթելի», «մսխալի» և «սապերավի», «կախեթ» ։ Արտադրանքը Վրաստանի տարածքով արտահանվում է տարբեր երկրներ։

Ինչ վերաբերում է դեկտեմբերին և հունվարին տեղի ունեցած միջադեպին, ապա Խոջոյանի խոսքով` խնդիրը ծագել է արտադրողի կողմից գինու մակնշման պատճառով:

Բանն այն է, որ Կախեթիա տարածաշրջանը, որը Վրաստանի լավագույն գինեգործական շրջանն է համարվում, գրանցված է, և դրա անվանումը ԵՄ իրավաբանական պաշտպանության տակ է։ 2014թ․-ից ի վեր Վրաստանի և Եվրամիության միջև գործում է սննդամթերքի և գյուղատնտեսական արտադրանքի աշխարհագրական նշումների պաշտպանության մասին երկկողմ համաձայնագիր, որի համաձայն` Կախեթիա անվանումը պաշտպանված է օրենսդրական մակարդակով։ Հայաստանը ժամանակին կարող էր դիմել հակընդդեմ հայցով, բայց ոչ մի քայլ չի ձեռնարկել։ Ստացվում է, որ հայկական անվանումը խեղաթյուրում է արձանագրված աշխարհագրական անունը։ Դրա պատճառով էլ Վրաստանը թույլ չի տվել այդ տեսակի հայկական գինիների տարանցումը։

Փոխնախարարը նշեց, որ նաև արտահանողներն են մակնշման հետ կապված մի շարք անճշտություններ թույլ տվել։

««Ռկացիթելի», «մսխալի» և «սապերավի» տեսակների հայկական գինիները Վրաստանով տարանցման ընթացքում այլևս խնդիրերի չեն բախվի։ Դա կապահովվի, եթե նշված անվանումները շշերի վրա վրացերեն գրված չլինեն», – ասաց Խոջոյանը:

«Կախեթ» տեսակի գինու խնդիրը դեռ լուծված չէ։ Փոխնախարարն ընդգծեց, որ Վրաստանում տեղյակ չեն եղել Հայաստանում էնդեմիկ տեսակի գոյության մասին, որը ոչ մի ընդհանուր բան չունի իրենց Կախեթիա տարածաշրջանի հետ։ Իրողությունը նրանց խիստ զարմացրել է:

Ձևավորվել է աշխատանքային խումբ, որը կփորձի համատեղ լուծել մակնշման հարցը, բացառել անբարեխիղճ գործարարների ապօրինի գործողությունները և օգնել նրանց, ովքեր ոչ մի ապօրինի նպատակ չունեն։

Փոխնախարարն ընդգծեց, որ այս պահին ամեն ինչ արվում է աշխարհում հայկական գինիների ճանաչելիությունը բարձրացնելու համար։ Նա նշեց, որ հայ գինեգործների առջև մեկ խնդիր է դրված` ապացուցել աշխարհին, որ մեր արտադրանքը կարող է լինել բարձրակարգ, պահանջված ու մրցունակ։

Ըստ թեմայի

Հաղթահարել ենք վատագույնը, բայց դեռ չենք կարող խոսել ամբողջական վերականգնման մասին. Քթոյան
ԵԱՏՄ–ում նախագիծ են մշակում պարենի դեֆիցիտի դեմ արագ պայքարելու համար
Պարտքն անցել է 63 %-ից, դեֆիցիտը`կրկնակի ավելացել. գործադիրը հաստատեց բյուջեի կատարողականը
Բյուջեի կատարողականի բեմականացումը, կամ բոլորը մեղավոր են, բացի իրական պատասխանատուից
թեգերը:
Արման Խոջոյան, Գինի, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ