21:09 13 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD488.68
  • GBP629.86
  • EUR549.03
  • RUB7.21
Կարո Փայլան

Վերացնել Կարո Փայլանին. ինչի՞ են պատրաստ Թուրքիայի իշխանությունները

© Sputnik / Asatur Yesayants
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
14330

Քրեական հետապնդման հետ մեկտեղ Փայլանին կարող է ֆիզիկական ոչնչացում սպառնալ, կարծում են փորձագետները։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik. Թուրքիայի իշխանությունները փորձում են ամեն կերպ լռեցնել ընդդիմության ձայնը, հերթն հայազգի պատգամավոր Կարո Փայլանինն է։

Թուրքական ԶԼՄ–ներն արդեն հայտնել են, որ Թուրքիայի խորհրդարանի Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Փայլանը նույն կուսակցության մյուս 7 խորհրդարանականների հետ կարող են զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից։ Համապատասխան հայց երկրի արդարադատության նախարարությանը ներկայացրել է Անկարայի հանրապետական դատախազությունը։ Անձեռնմխելիությունից զրկելու ընթացակարգը նպատակ ունի պատգամավորներին քրեական պատասխանատվության ենթարկել։

Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ Փայլանին քրեական պատասխանատվության ենթարկելը կարող է իրականություն դառնալ։

«Նման պրակտիկա արդեն կիրառվել է կուսակցության իր գործընկերների հանդեպ։ Մոտ 10 մարդ հիմա բանտերում են, նրանց զրկել են պատգամավորական անձեռնմխելիությունից», – հիշեցրեց Էստուկյանը։

Նրա խոսքով` չնայած Փայլանի զգուշավոր կեցվածքին, իշխանությունները կառչում են ցանկացած կառուցողական քննադատությունից, որը հնչում է նրա շուրթերից։

Էստուկյանը չի բացառում, որ պատգամավորին կարող է վտանգ սպառնալ, ինչպես եղավ Հրանտ Դինքի հետ։ Նա ավելացրեց, որ նման որոշումներ կայացվում են պետական կառույցների ներսում, որից հետո դրանք իրականացվում են ինչ–որ խուլիգանների ձեռքերով:

«Նրանց հատուկ պատրաստում են դրա համար, և այդ աշխատանքը գաղտնի է իրականացվում», – հավելեց Էստուկյանը։

Փայլանի պարագայում երկրի ղեկավարությունը երկար կմտածի, թե նրա մահը որքանով է ձեռնտու, քանի որ Դինքի մահը ծանր հետևանքներ ունեցավ։

Այդ պատճառով, գուցե, իշխանությունները զերծ մնան բռնի գործողություններ իրականացնելուց։ Միևնույն ժամանակ նման գործողություններ իրականացնելու պատրաստակամություն, հնարավոր ներուժ, ըստ Էստուկյանի, նրանք միշտ ունեն։

«Ակոսի» խմբագիրը համոզված է, որ Փայլանը հասկանում է իրավիճակը, սակայն նրա` հետագա գործողությունների վերաբերյալ որոշում պետք է կայացնի կուսակցությունը։

Շատ հավանական է, որ այնտեղ կորոշեն, որ պատգամավորի համար ավելի անվտանգ կլինի ժամանակավոր լքել Թուրքիան։ Քաղաքական առումով սա ճիշտ որոշում չէ, սակայն կարող է ապահովել նրա անվտանգությունը։

«Փայլանը թուրքական քաղաքականության մեջ երևացող անձնավորություն է, նրան բոլորը ճանաչում են, նա իշխանության կոկորդին կանգնած ոսկոր է։ Փայլանը քրդամետ կուսակցության առաջատար անձնավորություններից մեկն է, քրդերի մոտ նրա վարկանիշը շատ մեծ է», – ասաց Էստուկյանը։

Իրավիճակին այլ տեսանկյունից է նայում թուրքագետ Վարուժան Գեղամյանը։ Նրա կարծիքով` Փայլանի հարցը պետք է դիտարկել Թուրքիայում տեղի ունեցող քաղաքական գործընթացների ողջ համատեքստում` իշխանության կողմից ճնշման փորձերը, ցանկացած ընդդիմադիր գործչի, ուժի քննադատելու հնարավորությունից զրկելը։

«Փայլանը առավել ընդդիմադիր և իշխանություններին հակազդող կուսակցության ներկայացուցիչներից է», – ասաց Գեղամյանը։

Իր վճռական դիրքորոշմամբ կուսակցությունը շատ է տարբերվում իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականությունից։ Սակայն Փայլանին ընկալում են ճիշտ նույն կերպ, ինչպես ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, այդ պատճառով հայկական ԶԼՄ–ներում և որոշ արտասահմանյան մամուլում հիշատակվում է նրա հայկական ծագումը։

Սակայն, թուրքագետի կարծիքով, իրավական և, առավել ևս, քաղաքական տեսանկյունից նա ոչինչով չի տարբերվում մյուս ընդդիմադիրներից։

«Ավելին` նա ամենաազդեցիկ քաղաքական գործիչը չէ, և այն հեղինակությունը չունի, որը ունեն նրա կուսակցական ընկերներից ոմանք։ Փայլանը հայտնի է որպես ազգային փոքրամասնությունների առավել ակտիվ ներկայացուցիչ», – ասաց Գեղամյանը։

Նա հույս ունի, որ հենց այդ գործոնը կարող է թուլացնել պատգամավորի նկատմամբ ճնշումը։

Թուրքագետը կարծում է, որ իշխանությունը Փայլանի նկատմամբ ֆիզիկական բռնություն է գործադրելու, քանի որ նրա հեղինակություն ունեցող անձ է, սակայն կա մեկ այլ գործոն, որը երբեմն ԶԼՄ–ների ուշադրությունից վրիպում է։

«Թուրքական հասարակությունը մեծամասամբ արմատականացված է։ Այդ դրսևորումներն աճում են, և իրավիճակի զարգացումը` հասարակության առանձին ռադիկալ տրամադրվածություն ունեցող ներկայացուցիչների կողմից, բռնության կիրառման կարող է հանգեցնել», – ասաց Գեղամյանը։

Նա հիշեցրել է, որ 2016 թվականի դեկտեմբերին ամբողջ երկրով հակաքրդական կարգախոսներով գրոհել էին Փայլանի կուսակցության վրա։ Նման մի բան կարող է կրկնվել։

Հիշեցնենք, որ Փայլանի նկատմամբ իրավական գործընթացների համար առիթ է հանդիսացել 2017 թվականի մայիսին Կանադական ԶԼՄ–ներից մեկին տված նրա հարցազրույցը, որում նա քննադատել է նախագահ Ռեջեփ Էրդողանի քաղաքականությունը։ Պատգամավորին այժմ մեղադրում են «թուրք ժողովրդին ծաղրելու» և երկրի նախագահին «վիրավորելու» մեջ։

Փայլանը Էրդողանի ռեժիմի հետևողական քննադատողներից մեկն է, այդ թվում նաև` Օսմանյան կայսրությունում իրականացրած Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։ 2016 թվականի ապրիլին խորհրդարանի նիստերից մեկի ժամանակ Փայլանը հանդես եկավ նախաձեռնությամբ` պահանջելով խորհրդարանական հանձնաժողով ձևավորել և հետաքննել 7 հայ պատգամավորներին Օսմանյան կայսրության տարիներին ձերբակալելու և սպանելու մասին գործը։ 1908-1915 թվականներին 6 հայ պատգամավոր է սպանվել` Գրիգոր Զոհրապ, Պետրոս Հալաջյան, Նազարեթ Տաղավարյան, Կարապետ Փաշայան, Հովհաննես Սերենկյուլյան, Օնիկ Դերձակյան, Համբարձում Բոյաջյան։ Նրանց անունները կարդալով` Փայլանը հայերենով ասաց «Աստված հոգիները լուսավորի»։

Հայ պատգամավորը նաև բազմիցս կոչ է արել երկրի իշխանությանը ընդունել սեփական պատմությունը և ճանաչել հայ ժողովրդի Ցեղասպանության փաստը։

Ըստ թեմայի

Կարո Փայլանի և պատգամավորի վեճը ծեծկռտուքի է վերածվել. տեսանյութ
«Ատելություն է սերմանում Թուրքիայի դեմ». Կարո Փայլանի դեմ է դուրս եկել թուրքական մամուլը
Էստուկյան. «Գարո Փայլանի համար շատ անհանգիստ ենք»

Գլխավոր թեմաներ