Հորդորում ենք սանձել Ադրբեջանի հանցավոր արարքները. Արցախի ԱԺ–ն` ԵԱՀԿ Մինսկի խմբին և ՄԱԿ–ին

© Photo : Edgar Kamalyan / official site of the Parliament of ArtsakhЗдание Национального собрания Карабаха
Здание Национального собрания Карабаха - Sputnik Արմենիա, 1920, 10.03.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Արցախի ԱԺ–ն արտահերթ նիստ էր հրավիրել հայտարարություն անելու նպատակով։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Արցախի ազգային ժողովը հայտարարություն է արել, որով խստիվ դատապարտում է Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ և ահաբեկչական գործողությունները, բնակավայրերի թիրախավորումը, խաղաղ բնակչության նկատմամբ հոգեբանական, տեղեկատվական ճնշումները, Արցախը բնական գազով ապահովող միակ գազատարի վերանորոգման աշխատանքներին խոչընդոտելը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի խորհրդարանի մամուլի ծառայությունը։
Հայտնել ենք, որ ԱՀ ԱԺ–ն այսօր` մարտի 10-ին, արտահերթ նիստ է գումարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ՄԱԿ-ին և համապատասխան կառույցներին դիմելու մասին հայտարարություն անելու համար։
ԱՀ ԱԺ հայտարարության մեջ ընդգծվում է, որ վերջին օրերի լարվածությունը Արցախի սահմանամերձ բնակավայրերում նոր թափ է ստացել, մասնավորապես` Ադրբեջանը ինտենսիվ կրակոցներ է արձակել, ականանետներ կիրառել Ասկերանի շրջանի Խրամորթ,Նախիջևանիկ և Փառուխ գյուղերի, Մարտունու շրջանի Խնուշինակ, Կարմիր Շուկա, Թաղավարդ բնակավայրերի ուղղությամբ։
Արցախի պատգամավորները հորդորում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ՄԱԿ–ին և նրա համապատասխան կառույցներին համարժեք գնահատականի արժանացնել Ադրբեջանի պահվածքը, ջանքեր գործադրել` սանձելու այդ երկրի հանցավոր ոտնձգությունները։
«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նման սադրիչ գործողությունները միտված են ինչպես Արցախի ժողովրդին ահաբեկելուն և մշտական տագնապի մեջ պահելուն, այնպես էլ ռուսական խաղաղապահ ուժերի առաքելության ու հեղինակության նսեմացմանը։ Այսպիսով՝ պաշտոնական Բաքուն շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը, խարխլում տարածաշրջանում առկա փխրուն խաղաղությունն ու կայունությունը, որը մեկ անգամ ևս փաստում է, որ Ադրբեջանը պատրաստ չէ տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատմանը»,– ասվում է հայտարարության մեջ։
Պատգամավորները վստահեցնում են` ստեղծված իրավիճակը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ Արցախի ժողովրդի՝ անվտանգ ապրելու, անկախ պետականություն ունենալու իրավունքի ճանաչումը հանդիսանում է միակ ճիշտ, այլընտրանք չունեցող և քաղաքակիրթ որոշումը։
Հիշեցնենք` երեկ գիշերը Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքում իրավիճակը լարված էր։ Խրամորթի բնակիչներից մեկը Sputnik Արմենիային ասել էր, որ առավոտից մինչև գիշեր ադրբեջանական կողմը կրակում է գյուղի ուղղությամբ։ Բնակելի տներին և մարդկանց վնաս չի եղել, բայց մարդիկ վախեցել են։
ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանն էլ այսօր հայտնեց, որ Խրամորթում խաղաղ բնակիչ է վիրավորվել, նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Ադրբեջանական զինուժը ականանետից կրակել էր Խրամորթի ուղղությամբ նաև մարտի 7-ին ու 8-ին։
Հավելենք, որ Խրամորթում 112 ընտանիք է ապրում, այդ թվում՝ Արցախի այլ վայրերից տեղահանվածներ։
Հայտնել ենք նաև, որ Հայաստանի Հանրապետությունից Արցախ եկող գազատարի վնասման հետևանքով Արցախի ամբողջ տարածքը զրկված է գազամատակարարումից։ Գազատարի վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։
Լրահոս
0